կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 21:17
Առանց Կատեգորիա

Ի՞նչ է հայերին պարտադրում Ցեղասպանության ճանաչման գերմանական բանաձևը

Ի՞նչ է հայերին պարտադրում Ցեղասպանության ճանաչման գերմանական բանաձևը

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը մեծ ոգևորություն է առաջացրել հայության շրջանում. կատարվել է թվացյալ անհնարինը։ Գերմանիայի այս քայլը թե հոգեբանական, թե պատմաքաղաքական և թե բարոյական առումով գուցե շատ ավելի նշանակալի է, քան եթե Ցեղասպանությունը ճանաչեր ԱՄՆ-ը։

Սակայն պատմական այս ձեռքբերումը վերստին արդիական է դարձնում առաջին հայացքից պարզունակ թվացող այն հարցը, թե ի՞նչ պետք է անել հետո։ Ինչպե՞ս վարվել բանաձևի հետ, որպեսզի այն զուտ ճանաչող երկրների վիճակագրությունը հարստացնելուց, արձանագրային լինելուց զատ գործառնական նշանակություն ստանա Հայ Դատի հետապնդման համատեքստում։

Փորձը և պրակտիկան ցույց են  տալիս երկու տխուր օրինաչափություն։ Առաջինն այն է, որ ազգային մակարդակով բացարձակ հարմարվողականություն է դրսևորվում բանաձևերն ընդունած երկրներին և կազմակերպություններին շնորհակալություն հայտնելով բավարարվելու հանդեպ։ Այս երևույթը վերածվել է յուրօրինակ, պարտադիր ծեսի. շնորհակալություն հայտնել, մի քանի հուզախառը մտքեր փոխանակել, խոսել ազգային արժանապատվության, բարոյական հաղթանակների մասին, հետո աստիճանաբար «ցրվել տներով» և սպասել, թե որը կլինի հերթական բանաձև ընդունող հերթական երկիրը՝ այս ծեսը կրկնելու համար։ Երկրորդ՝ այս հարցում մասսայական առողջ մտածողությունն այնքան է բթացել, որ նույնիսկ չենք տեսնում սեփական խիղճը սեփական մեղքից ու պատասխանատվությունից մաքրելու համար Ցեղասպանությունը ճանաչող երկրներից շնորհակալություն հայտնելու տակ թաքնված ինքնավիրավորանքն ու ինքնանվաստացումը։ Համազգային էյֆորիայի մեջ ընկած՝ հանցագործությունն իր անունով կոչելու համար այս օրերին մասսայաբար շնորհակալություն ենք հայտնում մի երկրի, որը եթե նույնիսկ չի մասնակցել Ցեղասպանության պլանավորմանն ու անմիջական իրականացմանը, ապա գոնե լուռ աչքակապությամբ ցուցաբերած  հանցավոր անգործությամբ դրանում  ունեցել է անմիջական մասնակցություն։ Կարելի՞ է այս պահվածքից հետևություն անել, որ նույն տրամաբանությամբ պատրաստ ենք նաև Թուրքիայի դրոշները փակցնել մեր ֆեյսբուքյան էջերին,  թուրքերեն շնորհակալություն հայտնել Թուրքիային, եթե ինչ-որ հրաշքով վերջինս ճանաչի Ցեղասպանությունը… Ի վերջո դա անելը մեր տեսանկյունից ոչ թե նրանց իրավունքն է, այլ պարտականությունը, ընդ որում՝ ոչ թե կոնկրետ հայ ժողովրդի առջև, այլ՝ մարդկության և նրա ապագայի։

Բայց սա հարցի միայն մի կողմն է, որը հերթական անգամ բացահայտում է Ցեղասպանության հետ կապված ցանկացած ոգևորիչ իրողություն բացառապես կույր զգացմունքների պրիզմայով անցկացնելու մեր բարդույթավորվածությունը:

Հիմնական հարցն այն է, թե ի՞նչ ենք անելու կոնկրետ այս բանաձևի հետ։ Գերմանիան, իհարկե, շրջադարձային որոշում է ընդունել։ Բայց դա կիսաքայլ է՝ երկու հիմնական պատճառով։ Նախ՝ այս բանաձևով Բունդեսթագը փաստացի փորձում է իր և Թուրքիայի օրակարգից հանել Ցեղասպանության հետևանքների վերացման, ցանկացած տիպի փոխհատուցման հարցը։ Այդ բանաձևով հայկական հանրույթին առաջարկվում է բավարարվել միայն ներողություն խնդրելով։ Երկրորդ՝ Գերմանիան նաև առաջարկում է Ցեղասպանության հարցը քննարկման դնել պատմագետներից կազմված հանձնաժողովում՝ չբացատրելով, թե որն է դրա իմաստը, եթե ինքն ընդունում է, որ կատարվածը ցեղասպանություն է և դա անհերքելի փաստ է։ Այս ֆոնին, եթե համարում ենք, որ այս բանաձևն ընդունելով` Գերմանիան կատարել է իր պարտքը, «մաքրել է հաշիվները» հայ ժողովրդի հետ, նշանակում է՝  համակերպվել այդ երկու առաջարկների հետ։

Այս իմաստով Գերմանիայի խորհրդարանի  որոշումը, չնայած թուրքական գործոնի ճնշումը ճեղքելու առումով իր հսկայական նշանակությանը, միայն առաջին քայլն է, որը շարունակություն է ենթադրում։ Երկրորդ քայլը պետք է լինի պահանջատիրության հարցի բարձրացումը, փոխհատուցման ձևերի առաջադրումը նախ ընդհանրապես, ապա նաև՝ ի մասնավորի՝ Գերմանիայի առջև։ Որքան էլ դժվար թվա, երկրոդ քայլը ենթադրում է արդեն այսօրվանից Բունդեսթագի կողմից երկրորդ բանաձևի ընդունմանը հասնելը։ Բանաձև, որտեղ կդրվի նախ Թուրքիայի և Գերմանիայի  իրավական ու քաղաքական պատասխանատվության և դրանից բխող հետևանքների, ապա նաև 3մլն-անոց թուրքական համայնք ունեցող Գերմանիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցերը։

Ողջ հարցն այն է՝ ինչպե՞ս սահմանել նման թիրախներ, երբ անգամ միասնական պատկերացում չի ձևավորվել ազգային պահանջատիրության բովանդակության, դրա իրացման մեխանիզմների և ակնկալիքների շուրջ։ 2015թ․ մարտին ընդունվեց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։ Վերջինիս  6-րդ կետով նախատեսվում է Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար մշակել իրավական պահանջների թղթածրար՝ «դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այս հռչակագրի ընդունումից հետո անցել է մեկ տարուց ավելի, սակայն հանրությանը դեռ հայտնի չէ՝ կա՞ որևէ գործընթաց՝ նման թղթածրարի մշակման ուղղությամբ։ Եթե այո՝ ո՞ր փուլում է այն գտնվում։ Եթե ոչ, որո՞նք ենք դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառները։ Հռչակագրի ընդունումից հետո դրա 6-րդ կետից բխող միակ նշանակալի գործողությունը եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից  Սիսի պատմական կաթողիկոսարանի վանքերն ու կալվածքները վերադարձնելու պահանջով 2015թ. ապրիլի 28-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանին հայց ներկայացնելը։

Այս իմաստով Գերմանիայի Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը հրամայական է դարձնում ազգային պահանջատիրության շրջանակի հստակեցման, ազգային միասնական մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը։ Առանց դրանց Բունդեսթագի բանաձևերը մնալու են զուտ բարոյական ձեռքբերումների ազգային հարուստ «զամբյուղում»։

Գևորգ Դարբինյան