կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 16:17
Հասարակություն

Վարդան Այվազյանը հեգնեց տրանսպորտի փոխնախարարին

Վարդան Այվազյանը հեգնեց տրանսպորտի փոխնախարարին

Այսօր` 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին երկաթուղիների վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ պատգամավորի` երբ երկաթուղին կոնցեսիայով տրամադրվեց ռուսական երկաթուղիներին, այն ժամանակ երկաթուղին օգուտով էր աշխատում: Հիմա վագոնների թիվը նվազել է` 4000-ից հասնելով 100-ի:

Փոխնախարարը նշեց, որ իրենց պարտավորությունն է ուղևորափոխադրումների վնասները փոխհատուցել, իսկ 2015-ին շուրջ 19%-ով նվազել է բեռնափոխադրման ծավալը:

«Պարտավորությունների կատարման մասով Հարավկովկասյան երկաթուղին 102%-ով կատարել է ստանձնած ներդրումային պարտավորությունները, ինչը դրական անդրադարձ է կատարել տեխնիկական ցուցանիշների վրա, մասնավորպես` տեխնիկական անվտանգության ցուցանիշների, միջին արագության ցուցանիշի վրա, օրինակ կարող եմ բերել, որ 25 կմ/ժամ արագությունը հասցրել են շուրջ 40 կմ/ժամ և այլն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վագոններին, ապա հնամաշ վագոնների մեծ մասը շահագործումից դուրս է եկել, և ընկերությունը ձեռք է բերել նոր շարժակազմ, նոր վագոններ: Դրսի փոխադրումների գները, ըստ փոխնախարարի, կարգավորվում են փոխադրողների խորհրդի կողմից:

«Բոլորը հավաքվում են ու հաստատում սակագինը: Իսկ ներսում, քանի որ ցանցը կարճ է, համադրելի չեն ՌԴ-ի ու ՀՀ-ի երկաթուղային փոխադրումները: Եթե նույն ՌԴ-ում 200 կմ-ից պակաս պատվիրեք, կմերժեն, քանի որ կարճ հատվածների վրա փոխադրումներ չեն իրականացվում: Հիմա մեր իրողությունը սա է»,- ասաց Առաքելյանը և նշեց, թե սակագնի հաստատման լիազորություն չունեն:

Վարդան Այվազյանը հեգնեց. «Ես ներողություն եմ խնդրում պարոն Առաքելյանից, երևի իմ ինֆորմացիան սխալ է, երևի մեր երկաթգիծը բարգավաճում է»: Պատգամավորն ակնարկեց, որ ինչ ասում է, փոխնախարարը սվիններով է ընդունում:

Առաքելյանը չհամաձայնեց, որ սվիններով է ընդունում, պարզապես ցանկանում է թվային տվյալներ ներկայացնել: «Իհարկե խնդիրներ կան, ես էլ Ձեր չափ մտահոգ եմ: Եկեք միասին նստենք, քննարկենք»,- ասաց նա: