Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում «Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ըստ որի` ԱԺ-ն հայտարարությամբ ընդունում է 1918-1820 թթ. ընդունված հռչակագիրը: Որպես հիմնավորում` բերվում է այն հանգամանքը, որ մերօրյա ՀՀ-ն 1918-1920թթ. ՀՀ իրավահաջորդն է, եւ այդ դրույթն ամրագրված է ՀՀ Անկախության հռչակագրում:
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանը ոչ թե այդ որոշման հեղինակն է, այլ ԱԺ ներկայացնելու գաղափարի հեղինակը, որովհետև այդ որոշումը մեկին մեկ կրկնում է համահայկական հռչակագիրը, որն ընդունվել է սույն թվականի հունվարի 29-ին:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց Զարուհի Փոստանջյանին. «Ինձ հետաքրքրում է, թե ո՞նց են էլի այսպիսի մտքեր հղանում մարդկանց մեջ, որովհետև եթե մի մարմին տեքստ է գրել, ո՞նց եք ընտրում այդ բազմազանության մեջ: Օրինակ` ինչո՞ւ չեք վերցրել ու այստեղ բերել Չարենցի «Մահվան տեսիլը»` որպես հայտարարության տեքստ: Ձեր բերած հայտարարությունը մարդիկ ընդունել, վերջացրել են, ո՞նց եք հիմնավորում ուրիշի գրածն ընդունել` որպես հայտարարության տեքստ: Էսպես որ լինի, սա նախադեպ կդառնա, ամեն շաբաթ մեկը մի հայտարարության տեքստ կբերի, օրինակ` կբերեն Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» վեպը` եկեք հայտարարության տեքստ ընդունենք»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ամեն տարի չի կարող լինել Հայոց ցեղասպանության հոբելյանական տարի, և որ Հայաստանը չունի նախադեպեր, որ հայության կողմից ընդունված լինի նման հռչակագիր, ահա` ինչու բերել է առաջին հանրապետության կողմից ընդունված` Միացյալ Հայաստանի ակտը, որը ընդունվել է այն ժամանակ, հիմա պետք է այն ընդունվի նաև ԱԺ-ի կողմից:
«Փորձում եք այստեղ ինչ-որ զուգահեռներ անցկացնել, միգուցե դա Ձեր գործելաոճն է: Ես փաստաթղթերին վերաբերվում եմ լրջորեն, և որ դրանք պետք է ընդունվեն պետական մարմնի կողմից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ալեքսանդր Արզումանյանը արձագանքեց, որ Զարուհի Փոստանջյանն իր նախաձեռնությամբ նսեմացնում է այդ փաստաթուղթը, բացի այդ` առաջարկում է ՀՀ արտաքին քաղաքականության դոկտրինի փոփոխություն, ինչը վտանգավոր է:
Զարուհի Փոստանջյանը նշեց, թե եկել է ժամանակը, որ Հայաստանն ունենա հստակ դոկտրին, այլ ոչ թե ՀՀՇ-ականների դոկտրինը, որը Հայաստանի շահերի դեմ էր:
Ալեքսանդր Արզումանյանը Զարուհի Փոստանջյանի այս մեկնաբանությանը սուր արձագանքեց` ասելով. «Ես ինձ երբևէ թույլ չեմ տվել որևէ կուսակցության մասին ասել, որ այն հակապետական է, Դուք էլ ձեզ նման բան թույլ մի' տվեք, մնացեք դիվանագիտական բառապաշարի շրջանակներում»: