կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-14 12:48
Քաղաքական

Ատամի ցավն էլ է առողջական խնդիր. Նիկոլ Փաշինյանը հեգնեց ապագա գլխավոր դատախազին

Ատամի ցավն էլ է առողջական խնդիր. Նիկոլ Փաշինյանը հեգնեց ապագա գլխավոր դատախազին

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում, ուր քննարկվում էր գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին այդ պաշտոնում ընտրելու հարցը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց գլխավոր դատախազի թեկնածուին:

Նա նախ անդրադարձավ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանելուկային հրաժարականին: Ըստ Փաշինյանի` օգոստոսին հրաժարական տված Գևորգ Կոստանյանը մեկ տողով պատճառաբանեց, որ հրաժարական է տալիս առողջական խնդիրների պատճառով, մինչդեռ` հանրությունը սկսեց կասկածով վերաբերվել այդ պատճառաբանությանը, որովհետև առանցքային պաշտոնյայի հրաժարականը բացատրել մեկ տողով` որ նա առողջական խնդիրներ ունի, անհասկանալի է:

«Պետք էր մանրամասն բացատրել, թե ի՞նչ առողջական խնդիրների մասին է խոսքը, որովհետև ատամի ցավն էլ է առողջական խնդիր, ատամը ցավեց, հեռացա՞վ… Կարող է լինել այլ պատճառ` որ նման առանցքային պաշտոնյան տարիներ շարունակ գործ է ունեցել մարդկանց ճակատագրերի հետ, և այդ ամենը կարող էր ազդել նրա վրա: Սակայն, Գևորգ Կոստանյանի հրաժարականի հետ կապված, պարզաբանումներ չհնչեցին: Մամուլում հնչեցին վարկածներ, որ Գևորգ Կոստանյանի հրաժարականը պայմանավորված է նրա անվան հետ կապված ընկերությունների կողմից պաշտպանության նախարարությանը մատակարարումների մասով, քանի որ այդ ընկերությունները չարաշահումներ են իրականացրել, իսկ իրականում, հավանաբար, կոռուպցիոն եկամուտները հավասար չի բաշխել վերևներին»,- ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որ պետական քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2,5 միլիոն դոլարի ապրանք է մատակարարել առողջապահության նախարարությանը, որոնց գները 6-7 անգամ ուռճացված է եղել:

Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանի թեկնածությանը, Փաշինյանը կարծիք հայտնեց, որ գլխավոր դատախազությունում արագընթաց կարիերա են անում այն մարդիկ, ովքեր գործ են ունեցել այս կամ այն աղմկահարույց գործի հետ: Իսկ Արթուր Դավթյանն առնչություն է ունեցել «Հարսնաքար»-ի գործի հետ` լինելով մեղադրող: Փաշինյանը կասկած հայտնեց, որ հենց դրանով է պայմանավորված Արթուր Դավթյանի արագընթաց կարիերան, երբ նրան «Հարսնաքար»-ի գործից հետո նշանակեցին Երևան քաղաքի գլխավոր դատախազ:

Երեկ պատգամավորները հարց էին ուղղել գլխավոր դատախազին, թե ո՞ր հոդվածները կարող են ապաքրեականացվել: Գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանել էր, որ չի կարող պատասխանել: Փաշինյանը նշեց, որ եթե դա պետք է վերևներին, ապա կարող է ապաքրեականացվել անգամ դիտավորյալ սպանությունը: «Ահա, թե ինչու է գլխավոր դատախազը Սերժ Սարգսյանի նկարը կախում գլխավերևում, որովհետև անընդհատ նկարի հետ խոսում են, հարցնում են` այսինչ սպանությունը պե՞տք է քրեականացնել, թե՞ ոչ: Եվ նկարը նրանց բացատրում է՝ այս սպանությունը պետք է քրեականացնել, այս մեկը՝ ոչ»,- ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև Պերմյակովի գործին` ասելով. որ թող գլխավոր դատախազությունը Պերմյակովի գործով չփորձի պատասխանատվությունը գցել իր վրայից, որովհետև գլխավոր դատախազությունը մասնակցեց այդ խայտառակ դատարավարությանը: «Չկարողացաք Պերմյակովին դատել ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո: Այլ դրոշն ու զինանշանը, որպես բագաժ, լցրեցիք «ԳԱԶել»-ի կուզովը ու տարաք Պերմյակովի մոտ»,- ասաց պատգամավորը:

Նրա սուր քննադատությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Էնքան ենք դիմագրավել այս տիպի ելույթներին... Կարող եք ընդդիմադիր ելույթ ունենալ, բայց վարկաբեկել ու մտացածին խնդիրներ առաջադրել պետք չէ»: