կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 16:02
Քաղաքական

Ասում են` իշխանական բուրգը ճաքեր է տալիս, խուճապի մեջ են. Փաշինյանը հեգնեց եռյակին

Ասում են` իշխանական բուրգը ճաքեր է տալիս, խուճապի մեջ են. Փաշինյանը հեգնեց եռյակին

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում եռյակի դիրքորոշմանը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եռյակի դիրքորոշումը խոսուն է»:

 

Հարցին, թե ինչո՞ւ սկսեց Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը ԱԺ-ում, եթե ընթացակարգը ենթադրում է վերջին փուլում 88 ձայն, ինչը գործնականորեն անհնար է, պատգամավորը պատասխանեց. «Մենք վերջին շրջանում անընդհատ լսում ենք, որ իշխանական բուրգը ճաքեր է տալիս, որ իշխանությունները երբեմն նաեւ խուճապի մեջ են: Այդ 88 ձայն, որ ասում են, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլում նախատեսվում է փակ գաղտնի քվեարկություն: Եվ եթե մենք պնդում ենք, որ հիմա քաղաքական պրոցեսներ են գնում՝ իշխանափոխության համար, եւ այն պետք է իրականացվի սահմանադրական ճանապարհով, ուրեմն սահմանադրական ճանապարհը ԱԺ-ում հենց այդ հարցը բարձրացնելն է»:

 

Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը նախագծի վերաբերյալ ասել է, որ 3 կետ ներառված չէ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանի հետ մենք խոսել ենք, նախագիծը բաց է առաջարկների համար, մենք կքննարկենք: Եթե Զարուհի Փոստանջյանը կոնկրետ առաջարկներ կներկայացնի այդ կետերի վերաբերյալ, մենք կքննարկենք նաեւ այդ հարցը»:

 

Վերջում Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցին ինքը դեմ է քվեարկել: