կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 17:14
Քաղաքական

Սիրելի՛ կառավարություն, որոշեք, հետո նոր բերեք օրինագծերը. Նաղդալյանը հեգնեց

Սիրելի՛ կառավարություն, որոշեք, հետո նոր բերեք օրինագծերը. Նաղդալյանը հեգնեց

ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:

Ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, թե տպավորություն ունի, որ օրինագիծը ներկայացնող` քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վստահ չէ, որ այն, ինչ առաջարկում է, լավ բան է:

«Դե, կներեք, սիրելի՛ կառավարություն, որոշեք, ասեք` կա\'մ հա, կա\'մ չէ, հետո նոր բերեք օրինագծերն այստեղ: Երկրորդ զարմանքս` անվանի դիվանագետներ ունենք, անգամ՝ նախկին նախարարներ, որոնք իրենց արտահայտությունների մեջ այնքան հեռու են դիվանագետ լինելուց: Շատ կներեք, եթե, ասենք, նախկին խորհրդային երկրներում են, ուրեմն ոչ քաղաքակիրթ աշխարհ է, հա՞, այսպես ե՞ք մտածում: Եվս մեկ զարմանալի բան` այն ինչ սովետական է, ուրեմն վատն է, էդպե՞ս ենք մտածում: Բայց մենք շատ վաղուց ենք հաղթահարել այդ սինդրոմը, դա վտանագավոր մտածելակերպ է. տեսանք` ոնց ոչնչացվեցին մեր արտադրական հզորությունները, արդյունաբերությունը, վնասեցին մեր կրթության համակարգը` ելնելով մի բանից, որ սովետական է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նա նաև նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ քննարկվում է վաստակ ունեցող մարդկանց հարցը, իսկ վաստակը գնահատելու ձևերը տարբեր են լինում, և գնահատանքը միայն փողը չէ, որքան էլ մարդիկ ֆինանսական դժվարություններ ունենան. վաստակավոր մարդիկ ավելի շատ կարիք ունեն բարոյական ու արժեքային գնահատանքի:

Նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ չէր էլ պատկերացնում, որ այսպիսի բուռն արձագանք կունենա այս հարցը: Նա հակադարձեց Նաղդալյանի դիտարկմանը, թե ինքն այնքան էլ վստահ չի ներկայացնում այդ օրինագիծը. «Ես պատգամավոր չեմ եղել, ու այնքան էլ չեմ տիրապետում այդ ճարտար լեզվին, դա իմ ոճը չէ, ես իմ ձևից դուրս չեմ գալիս»: