կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 14:32
Տնտեսական

Կան դեպքեր, երբ պետությունը օրենքով է ճանաչում մենաշնորհը

Կան դեպքեր, երբ պետությունը օրենքով է ճանաչում մենաշնորհը

Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, խոսելով ներմուծողների համար հուշաթերթիկների պատրաստման վերաբերյալ` վարչապետի հանձնարարականի մասին, նշեց, որ երկու գերատեսչություն ևս ներգրավված է այդ պրոցեսում: Դրանք են սննդի անվտանգության տեսչությունը և ՊԵԿ-ը, և երբ այդ գերատեսչություններից կստացվի հուշաթերթիկների վերաբերյալ տեղեկատվություն, կհրապարակվի փաստաթուղթ: Այդ փաստաթղթից բացի, այլ պահանջներ չպետք է ներկայացվեն ներմուծողներին:

Ըստ Արծվիկ Մինասյանի` երեք շաբաթ ժամկետում վեր կհանվեն բոլոր խնդիրները, որից հետո ներկրողներին լիարժեք ձևով կներկայացվի փաստաթուղթը:

Դիտարկմանը, որ մենաշնորհների դեմ Արծվիկ Մինասյանի պայքարը կարող է դուր չգալ իշխանություններին, նախարարը պատասխանեց, որ այդ նախաձեռնությունն ինչպես նախագահինն ու վարչապետինն է, այնպես էլ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակներում ներառված է որպես հակամենաշնորհային ակտիվ պայքարի հարցը: 

Մենաշնորհների պայքարի ոլորտում էլ նախարարը կարևորում է օրենքների փոփոխությունը, կարգավորման համակարգի բարեփոխումները, որովհետև եթե օրենքները շատ լավը լինեին, ապա այսքան վատ վիճակում չին հայտնվի: Եվ եթե այդքան հեշտ լիներ մենաշնորհների դեմ պայքարելը, ապա այդ հարցը աշխարհում վաղուց լուծված կլիներ, լուծողներն էլ նոբելյան մրցանակ կստանային:

Հարցին, թե շաքարավազի մենաշնորհով հայտնի Սամվել Ալեքսանյանը «ցավ» կզգա՞ հակամենաշնորհային պայքարի արդյունքում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ինձ թվում է` բոլոր նրանք, ովքեր կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, ում համար նախընտրելի է ինկուբատորային գործունեություն ծավալելը, իհարկե, կզգան իրենց վրա պայքարի արդյունքները»:

Նախարարը մանրամասնեց. «Եթե պիտի ասեք՝ Պողո'ս, դու այլևս չես ներկրելու, նրա փոխարեն առաջանալու է Պետրոսը, որն ինքն է ներկրելու, ուրեմն պայքարը մենաշնորհների դեմ դառնալու է զրո: Ես խոսում եմ այն մասին, թե ինչ փաստաթղթեր են պահանջվելու, ինչ կարգավորումների է գնալու վարչական մարմինը»:

Արծվիկ ՄԻնասյանի խոսքով՝ մենաշնորհը ոչ բոլոր դեպքերում է բացասական, որովհետև շատ տնտեսագետներ համարում են, որ այն մենաշնորհը, որը կառուցվում է նորարարությունների վրա, չի կարելի արգելել, նաև` այն մենաշնորհը, որը կապված է երկրի անվտանգության համակարգերի հետ, դա ևս պետք չէ վերացնել: Կան դեպքեր, ոլորտներ, որ պետությունը օրենքով պետք է ճանաչի որևէ մենաշնորհ, սակայն նրա վրա պետք է դրվեն պահանջներ՝ թափանցիկություն, հրապարակայնություն, նրա վրա պետք է դրվի սոցիալական բեռ, պատասխանատվություն, այն պետք է դառնա հանրային բաց ընկերություն:

«Անկեղծորեն մի բան պետք է ասեմ, որը կարող է լուրջ քննադատվել, մենք ունենք շաքարի գործարան, որն աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսով: Հարց է առաջանում` ճիշտ կլինի՞ արգելել, որ այդ 25-30 տոկոսն էլ չաշխատի, թե՞ օրենքով ճանաչես մենաշնորհը՝ պայմաններ առաջադրելով, որ պետք է աշխատի առնվազն 90 տոկոս հզորությամբ, ապահովի այսքան աշխատատեղ, ապահովի այսքան մուտք պետական բյուջե, ապահովի թափանցիկություն, հրապարակայնություն: Այդ դեպքում գուցե աջակցի նման կազմակերպությանը նաև արտահանում կազմակերպել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը օրինակ բերեց Շվեյցարիայում աղի ներմուծման մենաշնորհը, որը օրենքով է պետությունը ճանաչել: