կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 12:45
Տնտեսական

Հայաստանի օրենսդրությունը չի արգելում մենաշնորհը, արգելում է մենաշնորհային դիրքի չարաշահումը. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայաստանի օրենսդրությունը չի արգելում մենաշնորհը, արգելում է մենաշնորհային դիրքի չարաշահումը. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության գործընթացի մեկ տարին, ներկայացրեց այն առավելությունները, որոնցից կշահի Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

 

Ըստ Գագիկ Մինասյանի` այդ առավելություններն են` տարբեր տեսակի ապրանքների ելքի ու մուտքի տուրքերից ազատվելը, կենդանական ծագում ունեցող սննդամթերքի սանիտարական նորմերի հետ կապված տարատեսակ խնդիրների  վերացումը, ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգումը 20-ից 50 օրով և հայ տնտեսվարողների համար Մաքսային միության անդամ երկրների մեծ  շուկա մտնելու հնարավորությունը:

 

«Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկկողմանի պատժամիջոցները փոխում են ԵՏՄ-ի վերաբերյալ նախնական պատկերը, որը կար մեկ տարի առաջ: Փաստորեն, նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի տնտեսվարողների համար` մեր ապրանքատեսակները կարող են արտահանվել: Այլ հարց է, թե որքան ճկուն կգտնվեն մեր տնտեսվարողները»,- ասաց Գագիկ Մինասյանը:

 

Նրա խոսքով` ղազախական ու բելառուսական տնտեսվարողները հիմա ձեռքերն են շփում, որովհետև իրենց համար նոր հնարավորություններ են առաջացել` Ռուսաստանի տնտեսության մեջ եղած բաց տեղը գրավելու առումով:

 

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` իսկ ի՞նչ բացասական սպասումներ կարող է ունենալ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում` պատժամիջոցների պարագայում, ինչի մասին խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նկատի ունենալով Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության հետագա ճակատագիրը, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Այդ խնդիրները նոր չեն ծագել: Երբ Հայաստանը 1 տարի առաջ հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին, այդ նույն ժամանակ Վրաստանը շարունակեց իր ընթացքը դեպի ԵՄ: Արդյո՞ք Վրաստանը միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, պետք է արձանագրենք, որ նման բան չկա, ճիշտ հակառակը, ինչը առողջ և պրագմատիկ դրսևորում է  Վրաստանի կողմից, ինչը կարող է բխել հենց Վրաստանի պետական շահերից: Այնպես որ` Վրաստանի հետ կապված խնդիրներ, կարծում եմ, հետագայում չեն ծագի»:

 

Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտահոգությունների հետ կապված` որ Հայաստանի տնտեսության զարգացման համար լավատեսական հիմքեր չկան, և որ պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա, ՀՀԿ-ական պատգամավորը վստահություն հայտնեց, որ ԱՄՆ-ն  ու ԵՄ-ն հայտարարել են միայն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մասին, և ոչ` ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ, այնպես որ` պատժամիջոցները չեն կարող ազդել Հայաստանի վրա:

 

Ինչ վերաբերում է Քոչարյանի մյուս մտահոգությանը` մենաշնորհային տնտեսության վերաբերյալ, Գագիկ Մինասյանը նշեց, որ տնտեսության ապամենաշնորհացման գործում կառավարությունը իրականացնում է աշխատանքներ, օրինակ` ապրանքաշրջանառության փաստաթղթավորում, որը ստվերի դեմ պայքարի միջոցներից մեկն է:


«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի օրենսդրությունը, եվրոպական օրենսդրությանը համապատասխան, չի արգելում մենաշնորհը, արգելում է մենաշնորհային դիրքի չարաշահումը»,- ասաց Գագիկ Մինասյանը: