Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի տնտեսական մարտահրավերների մասին` լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը ներկայացրեց այն գործոնները, որոնք խանգարում են ՓՄՁ ոլորտի զարգացմանը:
Նա նշեց, որ ՓՄՁ դաշտը խոցելի է. մենաշնորհներն ազդում են առավելապես ՓՄՁ-ների վրա: Եվ քանի որ այսօր կա ակտիվ հակամենաշնորհային քայլեր ձեռնարկելու հանձնարարական, էկոնոմիկայի նախարարությունը սկսել է բազմաթիվ քննարկումներ ու ուսումնասիրություններ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ` պարզելու, թե ինչ ծրագրեր պետք է իրականացնել:
Այդ քննարկումների արդյունքում բացահայտվել է, որ մենաշնորհային դաշտը սկսում է ձևավորվել հենց սահմանից, երբ գործարարները, հատկապես` փոքր բիզնեսը, չեն կարողանում հավասար պայմաններով և հավասար ընթացակարգով իրականացնել ներմուծում, այնպես, ինչպես խոշոր ներմուծողներն են իրականացնում` ունենալով մի շարք արտոնություններ` ինչ-ինչ պայմաններից ելնելով:
«Իրականում, եթե փոքր բիզնեսը կարողանա հավասար ընթացակարգով նեմուծել նույն ապրանքը, ինչ ներմուծում են խոշոր ներկրողները, կսկսի ձևավորվել բնական մենաշնորհ, որովհետև մեծաքանակ ներմուծումը, բնականաբար, ավելի ձեռնտու է, քան փոքրաքանակը: Եվ տեսնում ենք, որ Հայաստանում բնական ձևով չի ձևավորվում այդ մենաշնորհը, որովհետև սահմանին կա մեծ չարիք` հսկիչ գին կոչվածը, որի բարդ ընթացակարգով է ստիպված լինում անցնել փոքր բիզնեսը` վճարելով ավելի շատ հարկեր ու տուրքեր, մաքսավճարներ: Շատ դեպքերում էլ, խուսափելով նման բարդ ընթացակարգից, ստիպված են լինում դիմել այնպիսի ծառայությունների, ինչպիսին է կարգո ներմուծումը, որից հետո փոքր բիզնեսն ընկնում է խնդիրների հաջորդ փուլ, երբ չի ունենում փաստաթուղթ, և բարդությունների շղթան շարունակվում է»,- ասաց Գևորգ Պողոսյանը:
Նրա խոսքով` բոլորն էլ քաջ տեղյակ են, որ կա ապրանքների որոշակի ցանկ, որոնց մասին անընդհատ խոսում են գործարարները` ասելով, որ չեն կարողանում ներմուծել, որովհետև դրանք ներմուծվում են այս կամ այն անձի կողմից: Քանի որ սահմանված են շատ բարձր մաքսային վճարներ ու հարկեր այդ ապրանքների համար, որոնք ներմուծվում են որոշակի անձանց կողմից, ՓՄՁ-ն չի կարողանում ներմուծել այդ ապրանքը` չկարողանալով շուկայում մրցունակ լինել: Լինում է այնպես, որ որոշ ապրանքներ ներմուծվում են այլ ապրանքների անվան տակ, ինչի արդյունքում ունենում ենք ոչ միայն խեղաթյուրված վիճակագրություն, այլ նաև ինքնարժեքից ցածր արժեքով ներմուծված ապրանքներ: Դարձյալ անհավասար պայմաններ ու անհավասար մրցակցություն: