կարևոր
3895 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-08 21:38
Քաղաքական

30 տարի Հայաստանն ունեցել է տարածաշրջանում խաղաղություն բերելու հիմնական մենաշնորհը․ քաղաքագետ

«Սրբազան շարժման» կարևորագույն ձեռբերումներից, նպատակներից և արդյունքներից մեկն այն է, որ ձևավորվել է մի հարթակ, որտեղ կարող ենք քննարկել մեր խնդիրներն առանց պաթոսի, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Իսկապես, կարող ենք խոսել այն իրողությունների մասին, որոնք գոյություն ունեն և, դրանք հաշվի առնելով, կառուցել Հայաստանի զարգացման ամենաիրատեսական և կարևոր սցենարները»,- նշեց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։

«Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին` թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Իրանին։

«Այսինքն` բոլոր գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն ու տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանն` Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ»,- ընդգծեց քաղաքագետը:

Ըստ նրա` քանի Հայաստանը կանխատեսելի երկիր է, որևէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, միշտ պայմանավորվելու են մեր հաշվին։

«Պայմանավորվելու են ավելի կանխատեսելիների հետ, ինչպես հիմա անում են Ալիևի օրինակով, Ալիևի, որին նախորդ իշխանությունների ժամանակ աշխարհում ոչ ոք լուրջ չէր ընկալում, ու նա չկար քաղաքականության մեջ։

Հայաստանը պետք է նորից դառնա Հարավային Կովկասում քաղաքական խնդիրներ լուծող, օրակարգեր սպասարկող, անվտանգություն ապահովող և ինքնաբավ երկիր»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: