կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-28 12:21
Հասարակություն

ՀՅԴ շարքերը համալրողները երդվեցին այն դրոշի վրա, որը ծածանել էր բանտարկված Վահան Հովհաննիսյանը

Այսօր Առաջին հանրապետության հիմնադրման առիթով, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կազմակերպությամբ, Վահան Հովհաննիսյանի շիրիմին տեղի ունեցավ խոստման և երդման արարողություն: Իսկ միջոցառման սկզբում հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին Արամ Մանուկյանի շիրիմին:

Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ երդման արարողությունից առաջ ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Շնորհավորում եմ բոլորիդ Մայիս 28-ի առթիվ: Որևէ ժողովրդի համար չկա ավելի մեծ տոն, քան իր ժողովրդի անկախության տոնը: Որևէ ժողովուրդ չի կարող լիարժեք դրսևորվել` առանց անկախ պետականության: Մայիսի 28-ը կերտած մեր նախնիները հիմքը դրեցին, որ այսօր մենք ունենանք նորանկախ պետություն, նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ: Բայց հպարտ ենք, որ աշխարհի այն ժողովուրդներից ենք, որ կարողացել ենք մեր ինքնուրույնությունը, մեր տեսակը, մեր պետականությունը ստեղծել: Կարևոր է, որ մենք այսօր հավաքվել ենք Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ, և նշանակալի է, որ հենց այստեղ պետք է երդման արարողություն կատարենք: Ամեն դաշնակցականի համար ամենահիշարժան ու կարևոր օրերից մեկն է: Ես, որ իմ կյանքում հազար բանի եմ ականատես եղել կամ մոռացել, մի բան երբեք չեմ մոռացել՝ իմ դաշնակցական երդման օրը՝ 1990 թվական, ապրիլի 26»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Այնուհետև ՀՅԴ համակիրների մի նոր խումբ՝ թվով 28 հոգի, համալրեց միության շարքերը՝ երդվելով կուսակցության այն դրոշի վրա, որը բանտարկված ժամանակ ճաղերի ետևից ծածանել էր Վահան Հովհաննիսյանը: 

Երդման արարողությունից հետո հնչեցին շնորհավորանքներ՝ ուղղված նոր անդամագրված երիտասարդներին, ինչպես նաև` ավանդական երգեր: