Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը Մինսկում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը, որը գործելու է 2015-ի հունվարի 1-ից, սակայն Բելառուսում ստորագրված համաձայնագիրը պետք է երկար ճանապարհ անցնի անդամ երկրների խորհրդարաններում ու հաստատվի:
Դա էր պատճառը, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում միայն հույս հայտնեց, այլ ոչ թե վստահ ասաց, որ ստորագրված համաձայնագիրը հունվարի 1-ից գործելու է: Իսկ խորհրդարաններում դեռ ինչեր ասես, որ չեն լինի…
Հիմա խոսենք գործող թվերով: 2014թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ կազմել է 859 միլիոն դոլար, սակայն Բելառուսին ու Ղազախստանին այդ միլիոններից բաժին են հասնում, կարելի է ասել, կոպեկններ, քանի որ այդ 859-ից 831 միլիոնը բաժին է հասնում Ռուսաստանին: Գաղտնիք չէ նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալի մեծ բաժինը Հայաստան ներկրվող գազն է, և առաջին դրական կողմը հենց էժան ստացվող գազն է, որի դեպքում մենք խնայում ենք մոտավորապես 150 միլիոն դոլար, քանի որ, բացի այն, որ 270-ի փոխարեն ռուսական գազը մեզ տալիս են 189 դոլարով, վերանում է նաև արտահանման մաքսատուրքը: Հետևանքը վերը նշված խնայած գումարն է:
Այսօր կանխատեսել, թե ԵՏՄ-ն Հայաստանին ինչ կտա, մեղմ ասած, անշնորհակալ գործ է, մանավանդ, որ Ռուսաստանի դեմ ցանկացած պահի կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել, միջազգային տնտեսությունն էլ չես իմանա, թե ինչով կզարմացնի: Այն ծեծված թվերը, որ ամեն անգամ հնչում են, բոլորս ենք անգիր արել, որ ՀՆԱ-ն կաճի 2-3 տոկոսով, կամ որ Հայաստանին բաժին է հասնելու ԵՏՄ-ի ընդհանուր բյուջեի 1.5 տոկոսը: Շատերն արդեն այս թվի շուրջ էլ են վիճում և համոզված են, որ այստեղ էլ լավ չեն բանակցել:
Մեզ հասանելիքը 1.5 տոկոսը կրճատվել է, և մեզ ավելի քիչ գումար է հասնելու, պատճառն, ըստ տարբեր տեղեկությունների, արտոնյալ ապրանքների ցանկի մեջ է, քանի որ բանակցելիս առաջնայնությունը տրվել է ոչ թե երկրի տնտեսական շահին, այլ անձնական -ֆինանսականին: 900 անուն ապրանքների մեջ, որոնց մասով Հայաստանը ստանալու է արտոնություն, անցումային փուլում ներառված է նաև շաքարավազը: Հետաքրքիր է, որ եթե մսի, ավտոմեքենաների, կարագի և այլ ապրանքների դեպքում ներառված են զուտ ապրանքները, ապա շաքարավազի դեպքում ներառված է «Ալեքս Գրիգ» ընկերությունը առանձին տողով, որին տրվում են բացառիկ արտոնություններ` իր ապրանքը ներկրելու համար, քանի որ շաքարավազը համարվում է առաջին անհրաժեշտության ապրանք: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ շաքարավազը ավտոմեքենայի կամ ցորենի նման չի սահմանափակվել միայն արտադրանքի անունով:
Այսպիսի քայլերը փաստում են, որ ԵՏՄ-ն լինելու է մի կառույց, որտեղ յուրաքանչյուրը վերմակն իր վրա է քաշելու` բարձր պաշտոնյայից մինչև մոնոպոլիստ: Օրինակ` Հայաստանի անդամակցությունը Բելառուսն ու Ղաազախստանը օգտագործում են որպես խաղաքարտ Ռուսաստանի դեմ` միությունում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով իրենց համար: Բելառուսի նախագահը կարողացավ նավթամթերքի արտահանումից գոյացող մաքսատուրքից 3 միլիարդ դոլար բերել երկրի բյուջե, որը նախկինում մտնում էր Ռուսաստանի բյուջե: Այսպիսով` Ռուսաստանը կողմ է միության ընդլայնմանը և պատրաստ է ընդունել բոլորին, Բելառուսն ու Ղազախստանը այդ երկրների անդամակցությունն օգտագործում են, որպեսզի ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեն իրենց համար, իսկ Հայաստանն էլ, ապագայում անդամակցությունից ունենալով ենթադրյալ եկամուտներ բյուջեում, ձեռքի հետ էլ փորձում է հարստացնել յուրայինների բյուջեն:
Մեր հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում կանդրադառնանք միության ընդհանուր տնտեսական նշանակությանը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի հավանական տեղադրմանը:
Գևորգ Խաչատրյան