Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2024 թ.-ի մարտի 14-ի N 384-Լ որոշման մեջ: Նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ աշնանացան ցորենի սերմնարտադրության ծավալների ավելացման և ցորենի ցանքատարածությունների ընդլայնման միջոցով: Աշնանացան ցորենի ցանքատարածությունները վերջին 10 տարվա ընթացքում աստիճանաբար նվազել են՝ 100 000 հեկտարից հասնելով մոտ 55 000 հեկտարի։ Քննարկման ներկայացված նախագծի ընդունման արդյունքում մինչև 2027 թվականը աշնանացան ցորենի ցանքատարածությունները կավելանան մոտ 19 000, իսկ սերմնադաշտերը՝ 1000 հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, կնվազեն ներմուծման ծավալները։
Այսպիսով, ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա պարենային ցորեն արտադրելու նպատակով մշակություն իրականացնող տնտեսվարողը և մինչև 150 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա սերմնարտադրություն իրականացնող հաշվառված հավաստագրված սերմեր արտադրողը։ Միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագիրն իրականացվում է հետևյալ պայմաններով. աշնանացան ցորենի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, որոնց հսկողությունը իրականացնում են համայնքները, ցանքը պետք է կատարվի 1 հեկտարի հաշվով սերմերի առավելագույնը 300 կգ նորմայով, անհրաժեշտության դեպքում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից տրամադրվում է անվճար խորհրդատվություն, տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր շահառու կարող է իրականացնել ինչպես պարենային ցորենի արտադրության համար նախատեսված աշնանացան ցորենի, այնպես էլ սերմնարտադրության համար նախատեսված ցանքեր, սակայն երկուսի հանրագումարը չի կարող գերազանցել 150 հեկտարը, յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 8 մլն դրամը, իսկ յուրաքանչյուր հաշվառված հավաստագրված սերմեր արտադրողի համար՝ 15 մլն դրամը, ծրագրի շահառուները միևնույն հողատարածքում աշնանացան ցորենի մշակության համար չեն կարող օգտվել սոցիալական աջակցության այլ ծրագրերից։
Աշնանացան ցորենի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, դիզել, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) միջին հաշվով կազմում են մոտ 160 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000, իսկ սուպերէլիտային և էլիտային վերարտադրության սերմերով սերմնադաշտերի դեպքում՝ 100 000 դրամ սահմանաչափով։