կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 16:21
Հասարակություն

Պաշտոնանկություններ, քրեական գործեր. ինչ է բացահայտել ՎՊ-ն

Պաշտոնանկություններ, քրեական գործեր. ինչ է բացահայտել ՎՊ-ն

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՎՊ 2015թ. տարեկան հաշվետվությունը, զեկուցում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Սոցիալական ոլորտում ստուգումների արդյունքում Արագածոտնի ու Կոտայքի մարզերում հայտնաբերվել է 571 խախտում, որոնք կազմում են 105 միլիոն դրամ:

Իշխան Զաքարյանի խոսքով` կառավարությունն արձագանքել է այս բացահայտումներին, զբաղեցրած պաշտոններից ազատվել են գրասենյակների ղեկավարներ, հարուցված է երկու քրեական գործ, գումարի մի մասը մարվել է, մի մասն էլ մարվելու է մաս-մաս` ըստ ժամանակացույցի:

Գյուղատնտեսության ոլորտում ՎՊ-ն իր ուշադրության կենտրոնում է պահել երկու ծրագիր՝ ֆերմերների շուկայավարման հնարավորությունների և պտուղ-բանջարեղենի ոլորտին աջակցության հետ կապված: Երկրորդի գործունեությունը դադարեցված է, ընթանում են աշխատանքներ ծախսված գումարը վերադարձնելու համար, գումարը կազմում է 2,5 մլն դոլարին համարժեք դրամ: Հարուցվել են մի շարք դատական գործեր: Գյուղատնտեսության ոլորտում կան մի քանի խնդիրներ, շատ հաճախ ծրագրերում ընդգրկված են կրկնվող ու անտրամաբանական թեմաներ, խորհրդատվական ծրագրերում ոչ մասնագետներ են ընդգրկված լինում, ռիսկեր կան գյուղատնտեսական կենդանիների պատվաստման հարցում:

Դեղերի շրջանառության ոլորտում շարունակվում են ստուգումները, եզրակացությունները կլինեն ավելի ուշ: Ստուգվում է, թե արդյո՞ք դեղերի որակը համապատասխանում է չափանիշներին:

ՎՊ ուշադրության կենտրոնում են եղել նաև դրամավարկային ծրագրերը, մասնավորապես` գերմանա-հայկական հիմնադրամը, որը վարկեր է տրամադրել, դրամաշնորհային ծրագրեր իրականացրել, սակայն քանի որ, բանկային գաղտնիքի օրենքի համաձայն, ՎՊ-ին չի տրամադրվել ամբողջական տեղեկատվություն, ՎՊ-ն բավարարվել է այն տեղեկատվությամբ, որը տեղադրված է եղել ԿԲ պաշտոնական կայքէջում: