կարևոր
3487 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 13:57
Քաղաքական

Քրեական գործեր կհարուցվեն․ դրանցով կանցնի նաեւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը

Քրեական գործեր կհարուցվեն․ դրանցով կանցնի նաեւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը

MediaHub-ի տեղեկություններով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը սկանդալային բացահայտումներ է արել։ Շատ շուտով կհարուցվեն բազմաթիվ քրեական գործեր։

Քրեական գործերով անցնելու են ինչպես նախկին բարձրաստիճան զինվորականներ, այդպես էլ գործող, ընդ որում նրանցից շատերը շարունակում են Զինված ուժերում զբաղեցնել բարձր պաշտոններ, օրինակ՝ Գլխավոր Շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ 

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Պատերազմի պարտության գլխավոր պատճառներից մեկն Ասրյանի գլխավորած վարչության ենթադրաբար կատարած սխալների հետեւանքներն են։ Հանձնաժողովը բացահայտել է խախտումներ՝ մարտական գործողությունների պլանավորման, դրանց համար համապատասխան զենք եւ զինամթերքի ձեռքբերման, ականապատման, հակառակորդի ուժերի միջոցների ճիշտ գնահատման տեսանկյունից։ Այդ գործերը դառնալու են ուսումնասիրվող նյութեր եւ ուղարկվելու են ՀՀ գլխավոր դատախազություն։ Աբսուրդն այն է, որ նույն Ասրյանը գեներալ-մայորի կոչում է ստացել պատերազմի 33-րդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, երբ հոկտեմբերի 15-20-ը արդեն պարզ էր, որ հայկական զինված ուժերը պարտվում են, քանի որ թշնամին զորքը անընդհատ թարմացնում էր նոր ուժերով, օդում աշխատում էին «Բայրաքթարները», ցամաքում՝ վարձու ահաբեկչական խմբավորումները։

Որքան հայկական զորքը կոտորվում էր, նույնքան եւ ավելի թարմացվում էր Ադրբեջանի զորքը։ Էդվարդ Ասրյանը միակը չէր, որ պատերազմի օրերին գեներալի կոչում ստացավ։ Պատերազմը պարտված սպաների թվում էին նաեւ 2020թ․ հոկտեմբերի 22-ին Ազգային հերոսի կոչումներ ստացած ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանն ու ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանը, որոնք արժանացան Ազգային հերոսի կոչման։ 

Թերեւս հարկ չկա հիշեցնել, թե ինչ քրեական գործով է անցնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ ազգային հերոսի կոչում ստացած Անդրանիկ Փիլոյանը։

MediaHub-ի տեղեկություններով, քրեական գործերի ու հարցաքննություննեի գործընթացը սկսվելու է ամանորից հետո եւ առաջին հարցաքննվողներից մեկը թերեւս կլինի հենց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է», իսկ այդ ժամանակահատվածում ուժի մեջ եղած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում էլ նշված էր , որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին»: Հիշյալ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետն էլ սահմանում էր՝ ՀՀ վարչապետը «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական եւ ռազմական բնույթի որոշումներ»: Սա նշանակում է, որ ամբիոններից իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ բնավ էլ «մոդերատոր» չի եղել, մինչդեռ, ըստ փաշինյանական տրամաբանության, բոլորը մեղավոր են՝ էլ Ռուսաստանը, էլ ՀԱՊԿ-ը, էլ նախկիններն ու մյուսները. բոլորը, բացի իրենից:

Պատերազմից մեկ տարի անց՝ հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը գրում է իր հայտնի հոդվածը՝ «44-օրյա պատերազմի ծագումը» գլխագրով, որտեղ խոսում է ամեն ինչի մասին, բացի պարտության գլխավոր մեղավորների։ Հոդվածում ներկայացնում է պատմության այն հատվածը, թե ինչու սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչ հանգամանքների բերումով։

Շարունակելի․․․