կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-25 02:35
Իրավական

Ընտրական խախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր

Ընտրական խախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր

Արմավիրի մարզի դատախազի ցուցումներով 2011թ. մարտի 20-ին Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը եւ ներկայացնում այ գործերի որոշ մանրամասներ:

Այսպես.

1. 2011թ. մարտի 20-ին՝ ժամը 11.15-ին, Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Ա. Մարգարյանը հայտարարություն, այնուհետև՝ բացատրություն է տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ իր աշխատանքային ընկերուհիներ Թ. Աբգարյանի և Ս. Մովսիսյանի հետ, վերջինիս ամուսնու եղբայր Տ. Ավետիսյանի ավտոմեքենայով, բնակելի թաղամասերից մեկի բակում սպասելիս են եղել իրենց մեկ այլ աշխատակցի:

Այդ պահին 4-5 հատ սև գույնի «Ջիպ» ավտոմեքենաներ շրջապատել են իրենց ավտոմեքենան, դրանցից դուրս են եկել 7-8 անծանոթ մարդիկ, մոտեցել իրենց, մեղադրել «փող բաժանելու» մեջ, ստուգել պայուսակները, որից հետո, «բռնի ձևով ստիպելով, բղավելով, քաշելով», տարել են Տիգրանին: Իրենք փախել են, պատսպարվել մի անծանոթի տանը, այնուհետև դիմել ոստիկանություն: Հարձակվողները տարել են նաև Տիգրանի ավտոմեքենան:

Քննությամբ պարզվել է, որ Տ. Ավետիսյանին քաղաքապետի թեկնածու Ս.Մինասյանի նախընտրական շտաբ է տարել Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Ալեքսանյանը: Փաստի առթիվ 20.03.2011թ. ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Ա. Ալեքսանյանը նույն օրը ձերբակալվել է: Սույն թվականի մարտի 23-ին Ա. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

2. 2011թ. մարտի 20-ին, ժամը 16.30-ին Է. Պապիյանցը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը` ժամը 13-ի սահմաններում, 2 անհայտ անձ իր անչափահաս որդի Ա. Պապիյանցին անծանոթ ավտոմեքենայով տարել են քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի նախընտրական շտաբ, որտեղ ծեծի են ենթարկել «ընտրակաշառք բաժանելու պատճառով»:

Ա. Պապիյանցը բացատրություն է տվել այն մասին, որ ժամը 13-ի սահմաններում փողոցում իր մոտ կանգել են 2 արտասահմանյան և 1 «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ: Վերջինիս միջից դուրս են եկել 2 երիտասարդներ, մոտեցել իրեն և մեղադրել քաղաքապետի թեկնածու Ռ. Խլղաթյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ, որից հետո իրեն առաջարկել են միասին գնալ շտաբ՝ պարզաբանելու:

Շտաբում եղել է Ս. Մինասյանը` 5-6 մարդկանց հետ: Իրեն կրկին մեղադրել են ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչն ինքը հերքել է: Մի երիտասարդ ապտակել է իրեն, բռնելով մազերից` գլուխը հարվածել է սեղանին, ապա բռունցքներով հարվածել է մարմնի տարբեր մասերին: Մեկ այլ տղամարդ հայհոյել է իրեն: Քիչ անց իր մոտ է եկել մայրը, միասին դուրս են եկել, գնացել ոստիկանություն և հայտարարություն տվել կատարվածի մասին:

Փաստի առթիվ 21.03.2011թ. Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, կատարվում է նախաքննություն:

3. 2011թ. մարտի 20-ին` ժամը 17.15-ին, քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի վստահված անձ Ս. Ցականյանը հայտարարություն է տվել ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը` ժամը 15-16-ի սահմաններում, Արմավիրի 108 թաղամասում մի կին «մեր պահանջով ներկայացրել է»  ՀՀ քաղաքացու 8 անձնագիր: Ցականյանը խնդրել է համապատասխան միջոցներ ձեռնարկել անձնագրերի պահման նպատակը պարզելու համար: Միաժամանակ նա ներկայացրել է նշված անձնագրերը:

Փաստի առթիվ սույն թվականի մարտի 23-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

4. 2011թ. մարտի 21-ին` ժամը 13-ի սահմաններում, Արմավիրի քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի մի խումբ համախոհներ շուրջ 50 ավտոմեքենաներով փակել են Երևան-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի Արմավիր քաղաքի մուտքի հատվածը, ցուցապաստառներով կանգնել փողոցի երթևեկելի մասերում, խաթարել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը, ստեղծել խցանում 2 ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների համար և պահանջել անհապաղ բաց թողնել ձերբակալված Ա. Ալեքսանյանին:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ձերբակալվածին բաց թողնելու պահանջը ներկայացնել օրենքով սահմանված կարգով՝ իրավապահ մարմիններին դիմելու միջոցով:

Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հարուցված քրեական գործերի նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և ամբողջականության ապահովման նպատակով ՀՀ Արմավիրի մարզի դատախազի կողմից  նախաքննական մարմնին հանձնարարվել է ստուգման առարկա դարձնել նաև վերոնշյալ դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները և հաղորդումները:

«Երկիրն» անդրադարձել էր Արմավիրի քաղաքապետի ընտրություններին եւ վերը նշված իրադարձություններին: Թերթի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի չընտրված թեկնածու Սեւակ Մինասյանին սատարող արմավիրցիներից մեկը գործող քաղաքապետին էր մեղադրել  ընտրակեղծիքներ կատարելու` ընտրակաշառք բաժանելու, մահացած մարդկանց ընտրացուցակներում ընդգրկելու մեջ:

Մինչդեռ դատախազության հաղորդագրության մեջ շոշափվում են միայն Սեւակ Մինասյանի եւ նրան սատարողների անունները: Փաստորեն, երրորդ անգամ վերընտրվող Ռուբեն Խլղաթյանը սո՞ւրբ է: