|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը՝ 2013թ. փետրվարի 18-ին, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, ստացված բոլոր 5 ահազանգերի կապակցությամբ հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին` ստուգելու մատնանշված հանգամանքները: 1 դեպքով ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը, երկու դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, որտեղ այսօր հարուցվել են քրեական գործեր:
Մասնավորապես` ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել «Մետաքսում»` շտաբի դիմաց, «1in.am» կայքի լրագրող Մարինե Խառատյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանի վրա հարձակվելու դեպքի առթիվ, լրագրողներից խլվել էր տեսախցիկը ու հայհոյանքներ էին տրվել նրանց հասցեին:
ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար քրեական գործ է հարուցվել նաև Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասում Ա. Համբարձումյանի եւ դիտորդ Ն. Իսմաիլիի նկատմամբ բռնություն գործադրելու եւ քվեատուփի մեջ լցոնում կատարելու փաստով:
Մնացած երկու դեպքերով ոստիկանությունում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Այսպիսով` քվեարկության օրն արձանագրված ընտրախախտումների դեպքերով արդեն հարուցվել է 6 քրեական գործ: