Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զինված ուժերը դուրս են մնալու քաղաքական ցանկացած գործընթացից. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին` մինչև հիմա այդպես չի՞ եղել, նա պատասխանեց, որ եթե հարցը բարձրացվում է, ըստ երևույթին, ինչ-որ խնդիրներ եղել են: «Հիմա ես ձեր այդ հարցին չեմ կարող պատասխանել: Եղել են դեպքեր, երբ լրագրողներն են բարձրաձայնել որոշ խնդիրներ, բայց այսուհետ ես` որպես պաշտպանության նախարար, աշխատելու եմ, որ այդ բանը չկատարվի»,- վստահեցրեց Տոնոյանը:
Հարցին` սահմանային լարվածության վրա ինչպե՞ս կազդեն Արցախում տեղի ունեցող պաշտոնանկությունները, նախարարը պատասխանեց` ոչ մի ձևով: «Սահմանին ամեն ինչ վերահսկելի է թե' մեր, թե' Պաշտպանության բանակի կողմից»,- հայտնեց նա:
Նախարարը հավելեց, որ Ադրբեջանի կողմից բոլոր զորաշարժերը մեծ խորության վրա են և սպառնալի չեն:
Տոնոյանի խոսքով` այսօր զինված ուժերում իրականացվում է լայնածավալ հակակոռուպցիոն ծրագիր: Իսկ արդյո՞ք կլինեն ձերբակալումներ, թե՞ ոչ, նախարարը նշեց, որ չի կարող ասել` ինչ կլինի:
Հարցին էլ` ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց առաջ չէին լուծվում բանակում զինվորների հագուստի, հիգիենայի պարագաների հետ կապված խնդիրները, և ի՞նչ փոխվեց նրա` վարչապետ դառնալուց հետո, որ հնարավոր դարձավ այդ խնդիրները լուծել, Տոնոյանը պատասխանեց. «Ես պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ էլ պատասխանատվություն ունեցել եմ որոշ ոլորտների համար, հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ձեզ հայտարարում եմ` նախ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է: Այն, ինչ ունեցել ենք 1992-ին, 2002-ին, 2017-ին, 2018-ին զգալիորեն տարբերվում ենԱմեն բան բարելավվում է, ամեն ինչն էլ զարգացման մեջ է: Այս պահին այն փոփոխությունները, որ կատարվել են, կատարվել են պաշտպանության նախկին նախարարի ժամանակ, փոխվեց ձևաչափը, փոխվեցին չափանիշները»: