Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ոտքերն օգնում են կնոջը տեղաշարժվել: Ընդ որում` եթե անգամ կինը մեքենա ունի, ապա, միեւնույն է, նրա տեղաշարժվելու հիմնական միջոցը, թեկուզ` մինչեւ մեքենան հասնելը եւ այն վարելիս, ոտքերն են: Եթե անգամ այդ ոտքերը ծուռ եւ տգեղ են, եթե անգամ ուղիղ եւ գեղեցիկ են, եթե անգամ գեր են, եթե անգամ «մակարոն» են, միեւնույն է, դրանք, գրողը տանի, տեղաշարժվելու համար են: Համենայն դեպս, Աստված այդպես է ստեղծել: Իսկ կնոջը հաստատ Աստված է ստեղծել:
Ես չգիտեմ, թե ինչու այս «բացահայտումը», ես կասեի՝ «գյուտը» «մեր գյուղ» չի հասել, բայց դա, կներեք, գիտնականների խնդիրը չէ, «մեր գյուղի» խնդիրն է, չնայած «մեր գյուղը» կարծես թե ինտերնետ էլ ունի, հեռուստացույցով արտասահմանյան ալիքներ էլ է նայում, մի քանիսն էլ անգամ անձնագրերում Շենգեն վիզա ունեն ու ամեն տարի առնվազն Չեխիա են գնում` փակ հագուստով իհարկե, գեղեցիկ-հայեցի:
Ի դեպ, գեղեցիկի մասին: Նույն գիտնականները նաեւ պարզել են, որ կանանց ոտքերը, ի տարբերություն տղամարդկանց ոտքերի, նաեւ գեղեցիկ են: Այսինքն` եթե տղամարդկանց ոտքերը միայն տեղաշարժվելու եւ ամուր կանգնելու համար են, ապա կանանց ոտքերը` գեղեցիկ տեղաշարժվելու եւ գեղեցիկ ամուր կանգնելու: Ու, առհասարակ, գեղեցիկը կնոջ տարբերությունն է տղամարդուց, եթե անգամ կինը գեղեցիկ չէ, իսկ տղամարդը Ալեն Դելոնն է: Ճիշտ է, սա գիտնականների բացահայտում չէ, բայց գիտություն է, նկատի ունեմ՝ գեղեցկությունը: Ես ենթադրում եմ, որ «մեր գյուղում» այս գիտությունը լայնորեն ուսումնասիրված չէ, ավելի ճիշտ առաջ, քանի որ բազմադարյա ենք, մի քանի դար առաջ լավ ուսումնասիրել ենք եւ այդպես տեղում մնացել, մինչդեռ, ինչպես ցանկացած գիտություն, այնպես էլ գեղեցկությունը փոփոխվում է, արդիականանում, այն, ինչ առաջ գեղեցիկ չէր, հիմա գեղեցիկ է, այն, ինչ առաջ գեղեցիկ էր, հիմա գեղեցիկ չէ: Սա նորմալ է, աննորմալ կլիներ, եթե այդպես չլիներ, ինչը կնշանակեր, որ մարդիկ էլ չեն ապրում, էլ նոր բան չեն ուզում, չեն տեսնում, չեն զգում:
Բայց դառնանք ոտքերին, կանացի` իհարկե, տղամարդու ոտքերը մի նախադասությամբ սահմանափակվող պատմություն է, ընդ որում՝ անհետաքրքիր, եթե անգամ այդ ոտքերը Մարադոնայինն են կամ մեր Հենոյինը: Կանացի ոտքերը, սակայն, միշտ են հետաքրքիր, հատկապես` երբ կինը խոսում է, առավել եւս՝ երգում, մանավանդ` երբ հրաշալի կիրթ է խոսում` շատերի երազած անգլերենով ու ոչ միայն անգլերենով, եւ սքանչելի է երգում, այն պարագայում, երբ շատերը երգում են միայն, երբ տանը մենակ են ու ոչ մի պարագայում հայելու առջեւ չեն երգում, որ բացարձակապես ոչ ոք չտեսնի: Այդքան հուշտ են իրենք իրենցից, իրենց խոսքից, ձայնից, մտքից, բառից, ոտքերից… Հուշտը եւ խելքը հականիշներ են, գոնե` այս դարում: Հուշտ լինողը չի կարող խելացի լինել, եւ հակառակը` խելացին չի կարող հուշտ լինել: Հուշտը զարգացման կասեցումն է, ինքնազարգացման մահն է, խելացիությունը զարգացումն է, շատ խելացիությունը՝ ինքնազարգացումը: Զարգացումն էլ առաջ գնալն է, լա՞վ տեղ է, արդյոք, այդ «առաջ»-ը, թե՞ վատ, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ առաջ գնալը միշտ լավ է:
Մենք առաջ չենք գնում, ավելի ճիշտ մեզանից քչերն են առաջ գնում, հիմնական մասը պնդում է, որ դոփելը ճիշտ է: Ու քանի որ սա հիմնական մասն է պնդում, մենք էլ` բոլորս, դոփում ենք, դոփում ենք, դոփում ենք` տեղում: Հիմնական մասը մեծամասնությունն է, ու չկա ավելի ճնշող բան, քան մեծամասնությունը, որովհետեւ մեծամասնությունը միշտ նորին դեմ է. նորը փոփոխությունն է, փոփոխությունը առաջ գնալն է, առաջ գնալը տեղում չմնալն է, տեղում չմնալն էլ ապրելն է, կյանքն է: Կյանքն էլ, առանց սիրո ալիքների, կին է` առանց ոտքերի. հա'մ գեղեցիկ չէ, հա'մ էլ չի շարժվում, տեղում դոփում է:
Ի դեպ, սիրո ալիքների մասին: Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգը կոչվում էր հենց այդպես՝ «Սիրո ալիք»: Բնակա՞ն է, որ Իվետան այդ երգը պետք է բաց ոտքերով երգեր, իմ կարծիքով` բնական է:
Հովիկ Աֆյան