կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 15:12
Քաղաքական

Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն. Աղվան Վարդանյան

Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն. Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծի փաթեթը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցության քվեարկությունը պայմանավորված է լինելու նրանով, թե օրենքի հեղինակները կընդունե՞ն ՀՅԴ առաջարկները, թե՞ ոչ:

«Մենք օրենքը բարելավելու չորս տարբերակ ենք առաջարկել, և որն էլ ընդունվի, կմեծացնի հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը: Այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկվեն, որ ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող միասնական փաստաթուղթ ունենան, ինչը կառավարության անելիքը պետք է լինի ապագայում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Շարունակելով ելույթը՝ նա նշեց, որ ստիպված է մի թեմայի անդրադառնալ, այն է՝ Հայաստանի Առաջին հանրապետությանը: «Վերջին անգամ եմ ասում՝ բոլոր հիվանդ ուղեղների համար: Եթե 1990-ից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները ունենային անկախություն կերտած սերնդի բարոյական արժեքների, նվիրվածությանն ու ազնվության գոնե 10 տոկոսը, մենք բոլորովին այլ երկրում կապրեինք: Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողներնը ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն, որովհետև եթե այդ հանրապետությունը չստեղծվեր, ո\'չ երկրորդը կլիներ, ո\'չ՝ երրորդը, և դուք էլ ոչինչ չէիք կառավարի: Հիմա՝ նրանց մասին, ովքեր իրենց ճշմարտության միակ կրողն են համարում, ովքեր համարում են, որ իրենք ճշմարտության պորտի վրա աճած բշտիկ են, ովքեր կարծում են, որ բոլորը սխալ են, իսկ իրենք՝ միակ ճիշտը: Նմաններին խորհուրդ կտամ բժշկի դիմել, և որքան հնարավոր է՝ շուտ, հետո, սովորաբար, ուշ է լինում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նշենք, որ այսօր նիստի ժամանակ բանավեճ սկսվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ու նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: Վերջինս դեմ էր սահմանադրական փոփոխություններին և իր խոսքում հղում էր կատարում Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակահատվածին: