Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված եւ անցյալ տարվա դեկտեմբերին վաղաժամկետ ազատ արձակված ՀԱԿ ակտիվիստ Ֆելիքս Գեւորգյանին դարձյալ ձերբակալել են` գողության մեղադրանքով, եւ քննչական բաժանմունքում խոշտանգումների ենթարկել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը պատմեց, որ Ֆելիքս Գեւորգյանին Զովունի գյուղում գտնվող իր տնից ձերբակալել են սեպտեմբերի 28-ին եւ տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժնի քննչական բաժանմունք:
Փաստաբանի խոսքերով` Ֆելիքիսին գրեթե առեւանգել են` տունը խուզարկել են, նրան ձերբակալել ու, տան դռները բաց թողնելով, հեռացել` չզգուշացնելով անգամ նրա ծնողներին. «Նրան ապօրինաբար են ձերբակալել ու տեղափոխել Մաշտոցի քննչական բաժին, որտեղ նրան առաջարկվել է իր վրա վերցնել մարտիմեկյան սպանություններից որևէ մեկը: Բնականաբար, նա հրաժարվել է նման արարք իր վրա վերցնել»:
Ֆելիքս Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով` գողություն կատարելու մեջ: Սակայն, փաստաբանի խոսքերով, մեղադրանքում չեն նշվում կոնկրետ հասցեներ` որտեղ է գողությունը կատարվել:
«Այդ մեղադրանքներն արհեստածին են: Դրանց մեջ նշված է, որ ինչ-որ գյուղի ինչ-որ նկուղի ինչ-որ տարածքից գողություն է կատարվել, օրինակ` այսինչ խանութի հարեւանությամբ գտնվող շինությունից, բայց թե ո՞ր շինությունից` հայտնի չէ, կամ այսինչ այգուց էլեկտրական շարժիչ է գողացվել»,- ասաց Ս. Ոսկանյանը:
Փաստաբանը նշեց նաեւ, որ քննչական բաժանմունքում շիկացած երկաթյա ձողով այրել են իր պաշտպանյալի ոտքերը, ծեծել նրան, եւ Ֆելիքն այժմ դժվարությամբ է քայլում:
Ստեփան Ոսկանյանն ասաց նաեւ, որ Ֆելիքսն իր նկատմամբ հետապնդումները համարում է ճնշում հոր նկատմամբ, ով Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի թեւի ղեկավարն է: