Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 13:05
Իրավական

″Բարեւ Երեւանի″ վստահված անձին սպառնացել են ″ոտքերը ջարդել″

″Բարեւ Երեւանի″ վստահված անձին սպառնացել են ″ոտքերը ջարդել″

«Բարեւ Երեւանը» ստացել է ահազանգեր` ընտրախախտումների հետ կապված, որոնք էլ ներկայացնում ենք ստորեւ /ժամը 12-ի դրությամբ/:

 

Մայիսի 4-ից Ucom ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված` «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտերնետ-կապը: Ucom-ի գրասենյակից մեզ դա բացատրել են «տեխնիկական խնդիրների» առկայությամբ:

 

Էրեբունու 13/25 տեղամասից ահազանգել է «Ժառանգության» կուսակցությունից տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս Հովհաննիսյանը եւ հայտնել, որ նույն հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Աիդա Զաքարյանը ճնշում է գործադրում իր վրա՝ ընտրողների անունից պահանջելով ներողություն խնդրել նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վիճաբանության համար:

 

7/22 տեղամասում «Ժառանգություն»-ից տեղամասային հանձնաժողովի անդամ Հասմիկ Թագակչյանը տեղեկացնում է, որ առավոտյան փորձարկվել է թանաքը եւ պարզվել, որ այն ցնդում է ժամանակից շուտ: Որոշում է կայացվել ԿԸՀ տրամադրած թանաքին խառնել սովորական թանաք:

 

7/23 տեղամասում «Ժառանգություն»-ից տեղամասային հանձնաժողովի անդամ Լուսինե Օրդոյանը ահազանգում է, որ որոշ ընտրողների մոտ նկատել է կանաչ եւ կարմիր գրիչներ: Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը, նախագահական ընտրությունների համեմատ, ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:

 

6/17 տեղամասում «Ժառանգություն»-ից տեղամասային հանձնաժողովի անդամ Մերի Մաթեւոսյանը ահազանգում է, որ կան մեքենաների կուտակումներ ընտրատեղամասի առջեւ, ինչպես նաեւ նկատել է կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նա այդ մասին ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որը, սակայն, որեւէ միջոց չի ձեռնարկել` կողմնակի անձանց դուրս հանելու համար: Երբ Մերի Մաթեւոսյանն ինքն է փորձել կարգի հրավիրել կողմնակի մի անձի եւ խնդրել է նրան դուրս գալ տեղամասից, այդ անձնավորությունը սպառնացել նրան, որ «իրեն վատ կլինի դրա համար», ապա դուրս եկել տեղամասից: Նույն անձնավորությունը 155 դպրոցի մոտ «Բարեւ Երեւան»-ի վստահված անձին սպառնացել է «ոտքերը ջարդել»: