Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է կարգավորել բաժնետիրական ընկերություններում շահագրգռվածությամբ և միաժամանակ խոշոր գործարք համարվող համաձայնությունների վերաբերյալ տեղեկատվությունների ներկայացման, հրապարակման և դրա իրավական հետևանքների հարցերը:
Մասնավորապես` բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն` շահագրգռվածությամբ կնքված գործարքները պետք է հաստատվեն կա'մ խորհրդի կողմից, եթե այն ավելին չէ, քան ընկերության ակտիվների տասը տոկոսը, կա'մ ընդհանուր ժողովի կողմից, եթե տասը տոկոսից ավելին է:
Միաժամանակ, եթե կանոնները չեն պահպանվում, ապա այդպիսի գործարքները հիմք են, որ ընկերության այլ բաժնետերեր կարողանան վիճարկել, դրա հիման վրա` եթե ընկերությանը պատճառվել է վնաս, ապա այդ բաժնետերերի կողմից վերականգնվի վնասը:
Խոշոր գործարքներ են համարվում այն գործարքները, որոնք կնքվում են ակտիվների քսանհինգ տոկոսից ավելին կազմող գույքի իրավունքների իրացման նպատակով, և դրա համար օրենքը նախատեսում է ընթացակարգ, խորհրդի որոշում կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշում:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հաճախ այս երկու ընթացակարգերը խախտվում են, երբ, օրինակ, բաժնետերերը չեն մասնակցել ընդհանուր ժողովին կամ տեղեկացված չեն իրենց կողմից քվեարկության վերաբերյալ, և նրանց բաժնետոմսերի արժեքը էականորեն նվազում է:
Առաջարկվում է մեկ միլիարդ դրամից ավելի շրջառանություն ունեցող ընկերություններում գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ընկերության աուդիտ անցկացնող անձի կամ վերստուգող հանձնաժողովի եզրակացությամբ զետեղել azdarar.am կայքում, որ բաժնետերերը կարողանան իրացնել իրենց իրավունքները, և որպեսզի գործարքը շուկայական գնի վրա կարողանա ազդել:
Արծվիկ Մինասյանը նաև արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, որ եթե բոլորը համախմբվեն ստվեր չունենալու շուրջ, այդ ժամանակ արդյունք կունենան: Նախարարի խոսքով՝ Միքայել Մելքումյանը հետաքրքիր ոճով է հանդես գալիս: Լինելով համակարծիք նրա հետ` նախարարը նշեց, որ ստվերից դուրս գալու մասով յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից, ցանկացած պաշտոնատար անձ պետք է սկսի իրենից, և այդ ժամանակ նոր համախմբում կլինի:
«Կորպորատիվ կառավարումն ու պետական կառավարումը նման են իրար, եթե մեզ հաջողվի բիզնես մշակույթում համակարգ փոխել, մենք արդյունքների կհասնենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը: