կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-18 15:23
Քաղաքական

Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից տարբերելու կարգավորումներ չկան. Արմենուհի Կյուրեղյան

Ինչո՞ւ ընտրությունների  ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից տարբերելու կարգավորումներ չկան. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է  «Բարեգործության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում ն ՀՀ վարչապետի որոշմամբ:

Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախագծով տրվում են լիազոր մարմնի գործառույթները, այդ թվում՝ օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակումն ու գրանցումը, ծրագրի` բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին, բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված եւ դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների շրջանակը որոշելը և այլն:

Փոխնախարարը նշեց, որ միաժամանակ սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը, և որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող:

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պահանջեց ներկայացնել 10 -15 տարիների ընթացքում բարեգործության դինամիկան։ «Երբ բարեգործության կարգավորում եք ներկայացնում, բերե՞լ եք ՀՀ-ում անցած 10-15 տարիների ընթացում բարեգործության դինամիկան, ի՞նչ ձևով է իրականացվել այն, հիմնական մասնակիցներն ու շահառուներն ովքե՞ր են եղել։ Որևէ մեկի հետ քննարկե՞լ եք կարգավորումը բերելուց առաջ, թե՞ ուղղակի բերել եք»,- հարցրեց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքում փոփոխությունները չեն սահմանափակում երկրում բարեգործություն իրականացնելը։ «Հանձնաժողովը, որ կա, ընդամենը հարց է լուծում, ասում է՝ հարգելիշ բարեգործ, եթե ուզում ես քո բարեգործությունն իրականացնելու հետ մեկտեղ այլ ակնկալիքներ ունենալ, օրինակ՝ ստանալ ՀՀ նախագահից կոչումներ, հարկային արտոնություն, պետությունը ևս քեզ կաջակցի ֆինանսապես, որ բարեգործություն իրականացնես, ապա դիմի մեզ, ներկայացրու մեզ ծրագրերը` հասկանանք, թե այս երեք արտոնությունից կարո՞ղ ես օգտվել, թե՞ ոչ»,- ասաց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ ոչ ոք չի խոչընդոտում մարդուն` շարունակել բարեգործություն կատարել, հանձնաժողովը ստեղծված է` քննելու այն դեպքերը, երբ, բարեգործությանը զուգահեռ, մարդը ցանկանում է օգտվել արտոնություններից։

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն էլ հետաքրքրվեց` ինչո՞ւ չկան կարգավորումներ, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից տարբերվի:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ապագայում  օրենքը հնարավոր է փոփոխվի, որպեսզի ընտրակաշառքը բարեգործությունից տարբերվի, հիմա այս փոփոխությունը միայն այն հարցն է լուծում, որ չլինի հակասահմանադրական: «Այս փոքրիկ հարցն ենք լուծում, Ձեր ասած հարցերը շատ կարևոր են ու խորքային լուծում են պահանջում»,- հավելեց նա: