Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի կարծիքով` միշտ չէ, որ պետության ճանաչման հանգամանքը հենց անվտանգության երաշխիք է: «25 տարիների ընթացքում, երբ ունենում ես պետականություն, և գործադրածդ ջանքերը միջազգային հանրության կողմից չեն գնահատվում, Ադրբեջանի կողմից սա ընկալվում է որպես կանաչ լույս, որ ինքը կարող է ստեղծված իրավիճակը փոխել, այսօրվա ստատուս քվոն փոխել: Այսքան ժամանակ սահմանին այդպիսի լարվածություն է, 2014 թվականից ականանետներ են նրանք կիրառում, հրետանի և ոչ մի հասցեագրված քննադատություն չեն ստանում, և հասկանալի է, որ այդ պետությունը դա ընկալում է որպես աչք փակել, այսինքն՝ մտածում է` իրեն կարելի է, թափ է վերցնում ու նրան թվում է, թե ուժի գնով կարող է իրավիճակ փոխել, ու գնում է դրան»,- Արցախում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ ապրիլյան վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը փորձեց ուժային ճանապարհով հարցը լուծել, ինչը չստացվեց:
Միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, ըստ փոխարտգործնախարարի, կսաստի Ադրբեջանին եւ մեսիջ կլինի նրա համար: Բայց այսօր կանխատեսումներ անել աշխարհի երկրների գործողությունների վերաբերյալ, ըստ Ալեքսանյանի, սխալ է. աշխարհն անկանխատեսելի է դարձել:
ԼՂՀ փոխարտգործնախարարին հիշեցրեցինք, որ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ առաջիկայում ականատես կլինենք ԼՂՀ «միջազգային ճանաչման շարանի», խնդրեցինք մեկնաբանել` ի՞նչն է հիմք հանդիսացել նման տեսակետ հայտնելու համար:
«Չգիտեմ` շարանի նման կլինի, թե` մեկ առ մեկ, թե` իրար ձեռք բռնած, համենայն դեպս, եթե չհավատանք, որ այդ օրը կգա, մենք ուրեմն չենք աշխատել այդ ուղղությամբ: Այսինքն` մենք այլընտրանք չունենք, եթե ստեղծել ենք պետականություն, պետք է զարգանանք և սպասում ենք, որ ճանաչում կլինի, բայց նաև ճանաչումն ինքնանպատակ չպետք է լինի: Չեն ճանաչել, բայց դրանից մենք չենք դադարել շնչել, դպրոց գնալ, տնտեսություն վարել: Կամ էլ` այլ տեսանկյունից, եթե սկսում ես զուտ պաշտոնականից այն կողմ փնտրել այնպիսի հարաբերություններ, որոնք ճչացող չեն, դու կարող ես որոշակի առաջընթաց ապահովել, այսինքն` պարադիվանագիտություն ասվածը` ոչ պաշտոնական դիվանագիտությունը, որը տանում են չճանաչված երկրները: Հիմա աշխարհում կան բարեկամ քաղաքներ, որոնք ցույց տվեցին, որ մեր կողքին են և հասկանում են մեր խնդիրը: Եվրախորհրդարանում կայացած վերջին օրինագծերը մեզ ցույց են տալիս, որ մարդականց մոտեցումները փոխվում են»,- բացատրեց նա:
Ալեքսանյանը խոսեց նաև Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հավանականության մասին: «Ես կնախընտրեի, որ սկզբում միջազգային հանրությունը ճանաչի, հետո նոր` Հայաստանը: Իմ անձնական կարծիքն է, որ Հայաստանի հետ մենք խնդիր չունենք: Այնպես չէ, որ մենք կասկածում ենք, որ Հայաստանը չի ուզում ճանաչել ԼՂՀ-ն: Ադրբեջանը վախենում է նրանից, որ Հայաստանը բանակցային գործընթացի կողմ է, որտեղ քննարկվում են Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կոմպլեքսային հարցեր, և ՀՀ-ի կողմից ճանաչումը նշանակում է, որ էլ լուծելու հարց չունի: Ճանաչելու դեպքում տարբեր հետևանքներ կարող են լինել, դա իհարկե, Հայաստանի գործն է: Գուցե ավելի լավ կլիներ, եթե ավելի շուտ ճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Դեռևս 94 թվականին եթե ճանաչած լիներ, որոշակի զարգացումների չէինք հասնի»,- ասաց ԼՂՀ փոխարտգործնախարարը: