կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 20:50
Առանց Կատեգորիա

Միայն կոռուպցիայի դեմ պայքարելով` տնտեսություն չի զարգանա, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է

Միայն կոռուպցիայի դեմ պայքարելով` տնտեսություն չի զարգանա, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններ) ՀՅԴ վարկանիշային թեկնածու առաջադրված Արթուր Խաչատրյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսական հեղափոխություն  հնարավոր կլինի իրականացնել, եթե էապես փոխվի այն տնտեսական քաղաքականությունը, որը վարվել է Հայաստանի անկախացման առաջին օրերից և շարունակվում է առ այսօր:

-Նախ` ինչ ենք հասկանում` տնտեսական հեղափոխություն ասելով: Այն, որ մենք տնտեսական էական առաջընթացի կարիք ունենք, որևէ մեկը չի վիճարկում: Երբ խոսում ենք հեղափոխության մասին, պիտի հաշվի առնենք, որ հեղափոխությունն իրավիճակի որակական փոփոխություն է ենթադրում, ինչը կարելի է իրականացնել միայն տնտեսական քաղաքականության ուղղվածության փոփոխությամբ: 

Անկախությունից ի վեր իրականացված տնտեսական քաղաքականությունը հիմնվել է ազատական գաղափարախոսության վրա, համաձայն որի` պետությունը հնարավորինս պետք է հեռու մնա տնտեսությունից, տնտեսական գործունեությունից, քանի որ «պետությունն ամենավատ տնտեսվարողն է»: Փոխարենը` պետությունը պետք է ստեղծի «բարենպաստ» պայմաններ, խրախուսի «ձեռներեցներին», որ նրանք տնտեսական արժեք, աշխատեղեր ստեղծեն և դրանով իսկ զարգացնեն երկիրը: Բայց այսօր, հետադարձ հայացք գցելով, տեսնում ենք, որ այս քաղաքականությունն իրեն չի արդարացրել, երբ պետությունն իր տեղը զիջեց մասնավորին, սեփականաշնորհեց գործարաններն ու այլ արտադրական հզորություններ: Սեփականաշնորհված գործարանները թալանվեցին, նոր, համակարգաստեղծ ձեռնարկություններ չստեղծվեցին, որոնք էլ պետք է ապահովեին Հայաստանի տնտեսական առաջընթացը: Մեծ գործարաններից որևէ մեկն այսօր չի մնացել՝ «Նաիրիտ», ավտոդողերի գործարան, «Անդրկովկասկաբել»... Սրանք մասնավորեցվեցին և հետո քայքայվեցին: Պնդումը, թե պետությունն ամենավատ տնտեսվարողն է, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Կան լավ գործող պետական ձեռնարկություններ, կան վատ գործող պետական ձեռնարկություններ, կան վատ գործող մասնավոր ձեռնարկություններ, կան լավ գործող մասնավոր ձեռնարկություններ: Էականը սեփականատերը չէ, այլ կառավարման որակը:

Մեզ նման երկրում պետությունը տնտեսական  աճի հարցում կարևոր դիրք պիտի ունենա` թե՛ պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ, թե՛ համակարգաստեղծ ձեռնարկությունների ստեղծմամբ, թե՛ արտաքին տնտեսական և դրամավարկային քաղաքականությամբ, թե՛ բարենպաստ մրցակցային պայմանների ստեղծմամբ:

Ասում ենք, թե այլևս օլիգարխներ չկան, նրանք հանկարծ հրաշափառ կերպարանափոխության ենթարկվեցին և դարձան սեփականատերեր, բայց տնտեսության մեջ «օլիգարխիկ» կառուցվածքը չքանդվեց: Այդ խոշոր սեփականատերերի ձեռնարկությունները վերահսկում են տնտեսության տարբեր ոլորտներ՝ թե՛ ներկրման, թե՛ արտահանման և թե՛ արտադրության: Ուզում եմ շեշտել՝ օլիգարխիան ստվերը չէ, այլ մի քանիսի իշխանությունը, որոնք իրենց դիրքն են ստացել կա՛մ իշխանության մեջ լինելով, կա՛մ իրենց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի շնորհիվ, և տնտեսական հարստությունը վերածել են քաղաքական հարստության (կամ հակառակ հաջորդականությամբ): Այդ մարդիկ տնտեսական աճի խոչընդոտներն են, ուստի երբ ասում ենք, որ օլիգարխները պետք է վերանան, նրանց քաղաքական հենքն ապահովող մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները վերանան, նկատի չունենք միայն հարկերի վճարումը և կոռուպցիայի վերացումը: Եթե կա կոռուպցիա, տնտեսությունը չի զարգանա, բայց չլինելն էլ չի նշանակում, որ տնտեսությունն ինքնաբերաբար կզարգանա: Միայն կոռուպցիայի դեմ պայքարելով` տնտեսություն չի զարգանա: Դա տնտեսության զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Անհրաժեշտ է փոխել տնտեսության կառուցվածքը: Խոշոր գործարաններին  բաժին է ընկնում ստեղծված ազգային արժեքի զգալի մասը: Տնտեսական հեղափոխություն կլինի, եթե պետությունը կարողանա աջակցել մանր ու միջին ձեռնարկատերերին, որովհետև օլիգարխի շահույթը դառնում է զբոսանավ, «Ֆերարի», վիլլա Միջերկրական կամ Կարիբյան ծովափին: Փոքր և միջին գործարարի վաստակած գումարը դառնում է երեխայի համար կոշիկ, մսով ճաշ, ամիսը մեկ անգամ կառուսել: Երբ ստեղծվի ազատ մրցակցություն, այդ դեպքում կունենանք տնտեսական հեղափոխություն:  

Բոլոր քաղաքական  ուժերը խոսում են տնտեսական աճից, բայց որևէ մեկը չի խոսում տնտեսական արժեքի բաշխումից՝ բացի Դաշնակցությունից: Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս՝  որտեղ սոցիալական արդարության մակարդակը բարձր է, տնտեսական աճը կայուն է և  աճում է,  օրինակ՝ Հյուսիսային Եվրոպայում տնտեսական աճ են ունենում՝ առանց մեծ ձախողումների և ճգնաժամերի:

Պետությունը պիտի կարողանա սոցիալական արդարություն ապահովել վերաբաշխիչ գործառույթի՝  հարկային քաղաքականության միջոցով: Մեր երկրում  մարդիկ բողոքում են ոչ թե, որ բոլորն աղքատ են, այլ որ աշխատում են, բայց աշխատանքի դիմաց արդար արդյունքի չեն ստանում: Սոցիալական արդարությունն առաջանում է, երբ ամեն մեկն իր ներդրմանը համարժեք բաժին է ստանում ազգային արժեքից: Եվ այստեղ ակնկալել, որ շուկայի անտեսանելի ձեռքն աշխատանքի շուկայում կհանգեցնի սոցիալական արդարության, միամտություն է: Պետք է լինի ուժեղ պետություն, որը կխթանի տնտեսական աճը և  սոցիալական արդարությանը:

Երկրորդ՝ պետությունը պետք է ապահովի սերունդների միջև համերաշխությունը, տնտեսական հարատևությունը: Տնտեսության մեջ հանքարդյունաբերությունը  զգալի կշիռ ունի, մարդիկ հանում են խտանյութը, վաճառում: Ենթադրենք՝ հարյուր միավորի խտանյութ է երկրից դուրս գալիս, բայց որքա՞նն է երկիր գալիս՝ մի քանի կոպեկ եկամտահարկ, շահութահարկ, ռոյալթի  և այլն: Մենք ասում ենք, որ ընդերքը ոչ միայն այս, այլև հաջորդ սերունդներինն է: Հետևաբար` հանքարդյունաբերական պրոդուկտի էական մասը պետք է վերադառնա երկիր՝ ներդրումների տեսքով: Մեր ընդերքը չենք կարող թալանել, օդն ու ջուրը` թունավորել: Այսօր հարստանանք վաղվա սերունդի հաշվի՞ն: Մի քանի հոգի է միայն հարստանում, բայց  թունավորվում են հազարավորները: Ասում են՝ ստեղծում ենք աշխատատեղեր: Որքա՞ն է կազմում բանվորների աշխատավարձային ֆոնդը: Համեմատենք աշխատավարձային ֆոնդը և օֆշորային հաշիվներում կուտակվող գումարները:

Ուստի` տնտեսական  հեղափոխությունն իրականացման համար պետք է իշխանության  գա մի ուժ, որը կկարողանա շրջել տնտեսական զարգացման անիվը, որի գաղափարախոսական մոտեցումները տարբեր են: Այսօր բոլորը նույն գծի վրա են՝ ազատական, աջ ուղղվածության:

Իսկ ՀՅԴ-ն առաջարկում է փոքր ու միջին ձեռնարկությունների, տեղական արտադրության, արտահանման խթանում: Արտահանումը խթանելու համար պետական աջակցություն է հարկավորք, որովհետև մեր շուկան փոքր է, ուստի եթե միայն ներսում մրցի, կկործանվի, դրա համար պետությունը պիտի օգնի  դուրս գալ արտաքին շուկաներ: Աջակցելով տեղական արտադրողին` էլի կմեծացնենք շուկան՝ փոխարինելով ներկրումները: Մենք դրանով չենք զբաղվում, փորձում ենք չմիջամտել, մինչդեռ  այն երկրներում որտեղ էական աճ կա, այնտեղ եղել է պետական աջակցություն: Օրինակ՝ ԱՄՆ նախագահն իր նախընտրական ծրագրում ասում էր՝ գնի'ր ամերիկյան արտադրանք,  աշխատանքի ընդունիր ամերիկացուն: Իսկ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք ուզում լինել:

- Եվրոպական մոդելի երկիր երազողներից հաճախ ենք լսել, թե ԵԱՏՄ-ն մեզ ոչ մի բան չտվեց, իսկ ռուսական կողմից պատասխանել են, թե  չենք կարողանում օգտվել մեզ տրված հնարավորություններից:

- Իսկ մենք ի՞նչ ենք արտադրում: ԵԱՏՄ-ն շուկա է, և որպեսզի կարողանանք շուկայի հնարավորություններից օգտվել, պետք է բան արտադրենք, օգնենք ձեռնարկություններին արտադրել, ոչ թե բողոքենք, թե շուկան մեզ համար լավը չէ: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է, որի հնարավորություններից պետք է կարողանանք առավելագույնս օգտվել: Բացի այդ` ԵԱՏՄ անդամ լինելը չի խոչընդոտում ԵՄ կամ ԱՄՆ ինչ-որ բան արտահանելուն: Պետք է փորձենք այդ հնարավորություններից օգտվել:

Մ.Պ.