կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 21:44
Հասարակություն

Չորս երեխաներս տաք հագուստ ու կոշիկ չունեն, չեն կարողանա դպրոց գնալ․ բազմազավակ մայրը դիմում է բարի մարդկանց

Չորս երեխաներս տաք հագուստ ու կոշիկ չունեն, չեն կարողանա դպրոց գնալ․ բազմազավակ մայրը դիմում է բարի մարդկանց
Նախկինում Երևանի Արցախի 8 և 10 հասցեում բնակվող բազմազավակ ընտանիքը վերջերս բնակարան է ստացել։ Քանի որ տվյալ շենքը վթարային է, պետությունը նոր բնակարաններ է տրամադրել բնակիչներին։
 
Բազմազավակ ընտանիքի մայրը՝ Նինա Մխիթարյանը, Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ պետության տրամադրած 46 քմ մակերեսով բնակարանն արդեն վաճառել են՝ հույս ունենալով, որ առաջիկայում կգնեն սեփական տուն, որն ավելի ընդարձակ կլինի։

«Պետության տրամադրած՝ Շինարարների 15 հասցեում գտնվող բնակարանը շատ փոքր էր։ Մեր ընտանիքում 5 հոգի կա, և հնարավոր չէր տեղավորվել այդ տանը։
Ուզում ենք Արգավանդի կողմերում մի սեփական տուն գնել, որպեսզի երեխաները կարողանան տրանսպորտից էլ օգտվել, դպրոց գնալ։ Իսկ այժմ Արտաշատ քաղաքում վաձով ենք ապրում։ Հինգերորդ երեխայիս ծնվելուց հետո պետությունն ամեն ամիս 50 հազար դրամ է տրամադրում։ Այդ գումարը ստանում եմ ու տալիս տան վարձ», - նշեց Ն․ Բաբասյանը։

Նա պատմեց՝ հինգ երեխաներից չորսը դպրոցահասակ են․ նրանք աշնանային հագուստ ու կոշիկ չունեն։

«Պարտքով սեպտեմբերյան հագուստ գնեցի։ Աղջիկներից ամենափոքրը 9 տարեկան է, միջնեկը՝ 10, ավագը՝ 12։
Այս տարի դպրոց է գնացել նաև տղաս, որը շուտով 6 տարեկան կդառնա։ Իսկ հինգերորդ երեխաս դեռ երկու տարեկան է։

Մտածում էի՝ այս տարի 6 տարեկան տղայիս չենք կարողանա դպրոց ուղարկել, քանի որ գումար չկար։

Որդիս երկու օր առաջ է դպրոց գնացել, չենք կարողացել գոնե սեպտեմբերի 1-ին դպրոց ուղարկել։ Երեխաներս Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում են սովորում։ Երբ մեծ աղջկաս դպրոց տարա, որդուս էլ էի տարել․ ուսուցիչները ստուգեցին նրա ընդունակությունները։ Որդուս հարցեր ուղղեցին ու ասացին, որ շատ խելացի երեխա է, լավ մաթեմատիկա գիտի։
Ուսուցիչներն ասացին, որ նրան անպայման դպրոց ուղարկեմ, ես էլ նշեցի, որ հնարավորություն չունենք, չենք կարող։
Այնուհետև հենց նրանք հագուստ ու պայուսակ նվիրեցին որդուս, ու նա կարողացավ դպրոց գնալ։ Մյուս երեխաներս էլ են լավ սովորում։ Իսկ փոքրիկը, որ ընդամենը մի քանի օր է, ինչ դպրոց է գնացել, շատ է սիրել դպրոցը, սիրով արթնանում է ու դպրոց գնում», - պատմեց Նինա Մխիթարյանը։
 

Նա նշեց՝ իրենց տանը միայն ամուսինն է աշխատում․ այժմ նա մեքենա է օրավարձով մեքենա է վերցրել, տաքսի է վարում, իսկ նրա վաստակած գումարը հազիվ հերիքում է օրվա հացը գնելու համար։
 
«Ամենափոքր երեխաս 2 տարեկան է, այժմ նրան եմ խնամում, բայց եթե նույնիսկ նա մեծանա, մանկապարտեզ գնա, չեմ կարողանա աշխատել, քանի որ թոքերի ու անոթների հետ կապված՝ առողջական խնդիրներ ունեմ։ Վարիկոզ էլ ունեմ, բայց, բնականաբար, գումար չլինելու պատճառով չեմ կարողանում բժշկի դիմել», - պատմեց բազմազավակ ընտանիքի մայրը։

Նա նշեց՝ հույս ունի, որ մեր հրապարակումից հետո կհայտնվեն բարի մարդիկ, որոնք փոքրիկներին հագուստ ու կոշիկ կնվիրեն։

«Շուտով եղանաը կցրտի։ Չորս երեխաներս տաք հագուստ ու կոշիկ չունեն, չեն կարողանա դպրոց գնալ։
Չգիտեմ՝ ինչպես եմ նրանց դպրոց ուղարկելու, մանավանդ, որ Արտաշատից Երևան հասնելու համար նաև երթուղայինի համար եմ գումար տալիս։ Հույս ունեմ, որ կլինեն բարի մարդիկ, որոնք կօգնեն իմ փոքրիկներին, գրենական պիտույքներ, հագուստ ու կոշիկ կնվիրեն, որ նրանք գոնե կարողանան դպրոց հաճախել։ Երեխաներս շատ են սիրում դպրոցը, բայց բազմիցս սոցիալական խնդիրների պատճառով որոշ ժամանակ դպրոց չեն գնացել․ կոշիկ չեն ունեցել կամ կոշիկ։ Հիմա շատ են վախենում, որ էլի կարող են հագուստ ու կոշիկ չունենալու պատճառով բացակայել դասերից։ Հուսամ՝ կլինեն մարդիկ, որոնք կօգնեն զավակներիս», - եզրափակեց բազմազավակ ընտանիքի մայրը։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել այս ընտանիքին, կարող են զանգահարել Ն․  Բաբասյանին հատևյալ հեռախոսահամարով՝  093 76 74 18։