Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
ՀՀ գիտության եւ կրթության նախարարի հրամանով պետք է կասեցվի Աղասի Այվազյանի անվան մասնավոր դպրոցի գործունեությունը` լիցենզավորման պարտադիր պայմանների եւ պահանջների կոպիտ խախտման հիմքով:
Ապրլիի 25-26-ը ԿԳ նախարարության ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցում որոշ առարկաներ դասավանդել են ոչ մասնագետներ, օրինակ` աշխարհագրություն առարկան դասավանդել է պատմա-աշխարհագրագետը: Դպրոցը չի ունեցել լաբորատորիա, չնայած փորձեր արվել են: ԿԳ նախարարությունը պնդում է, որ դպրոցը գրադարան էլ չի ունեցել, սակայն դպրոցի տնօրեն Գրետա Վերդյանը փաստում է, որ իրենք ունեն գրադարան:
«Այս պահանջները չկան նաեւ հեղինակավոր այլ դպրոցներում, ուստի դրանք չեն կարող կոչվել կոպիտ խախտումներ: Դրանք թերացումներ են, որոնք կարելի է ուղղել»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց տիկին Վերդյանը` ավելացնելով, որ դպրոցը փակում են, քանի որ ԿԳ նախարարության մի շարք աշխատակիցներ ունեն իրենց մասնավոր դպրոցները: «Եվ ես իրենց համար լուրջ մրցակից եմ»,- պարզաբանեց տիկին Վերդյանը:
Տնօրենը հավաստիացրեց նաեւ, որ արդեն դրսից մասնագետներ են «բերել»` առարկաների դասավանդման հետ կապված խնդիրները լուծելու համար. «Սեպտեմբերին արդեն ամեն ինչ կարգին կլինի, ինձ ուղղակի ժամանակ է պետք»,- ասաց տիկին Վերդյանը:
Նշենք, որ դպրոցը հիմնվել է հենց Աղասի Այվազյանի մասնակցությամբ, որի մահից հետո էլ դպրոցը վերանվանվել է (մինչ այդ այն կոչվել է «ՎԵՎԳԻՄ») գրողի անունով:
Տնօրենն ու ուսուցիչները համարում են, որ իրենց դպրոցը փակելու միակ պատճառն այն է, որ նախարարությունը չի հանդուրժում այլընտրանքային կրթություն:
Աղասի Այվազյանի անվան հեղինակային դպրոցում երեխաներին առաջին դասարանից սովորեցնում են 4 լեզու, ծանոթացնում բնության ֆիզիկական եւ քիմիական երեւույթներին, աշակերտներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում են ցուցաբերում: Իսկ նախարարությունը համարում է, որ այդ տարիքում երեխան ընդունակ չէ ընկալելու այդքան գիտելիք, եւ դա չի համապատասխանում կրթության` իրենց կողմից մշակված ծրագրին:
Դպրոցը ներկայումս ունի 60 սան, որոնք չգիտեն, թե դպրոցը փակելուց հետո որտեղ են սովորելու: