|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնողական խումբը հայտարարություն է արել` դատապարտելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի վրա կատարված հարձակումը: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber լրատվական կայքը:
Ըստ Ermenihaber-ի` հայտարարության մեջ ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), անհանգստանալով ժողովուրդների պայքարից և համերաշխությունից, այս անգամ թիրախ է ընտրել ԺՀԿ-ն ներկայացնող հայ պատգամավորին:
«ԱԶԿ-ական իշխանությունը, որ ջանում է քուրդ ժողովրդին և նրա պայքարը մեկուսացնել և դիվականացնել, այս քաղաքականությունն այժմ էլ մեջլիս է տեղափոխել՝ ի ցույց դնելով իր այլատյաց էությունը»,- նշում է «Նոր զարթօնքը»՝ ընդգծելով, որ Կարո Փայլանը և ԺԴԿ-ական պատգամավորները միայնակ չեն:
Նախաձեռնող խումբը հայտարարության մեջ նշել է, որ իրենք հավատում են ժողովուրդների հավասարությանը, համերաշխությանը և միասնական պայքարին ու վճռական են այդ պայքարում:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Փայլանը մեջլիսի սահամանադրական հանձնաժողովում իշխող ԱԶԿ-ի և քրդամետ ԺԴԿ-ի պատգամավորների միջև ծագած վիճաբանության ժամանակ հարձակման էր ենթարկվել իշխանական կուսակցության ներկայացուցիչների կողմից:
Փայլանը, պատմելով միջադեպի մասին, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք ինձ թիրախավորել էին: Մի շարք պատգամավորներ միանշանակ նախապես ծրագրված կերպով շարժվեցին ինձ վրա: Ես ուղղակի թիրախի վերածվեցի ու 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի ու ոտքի հարված ստացա: Այնուհետև իմ դեմ ուղղված ազգայնամոլական հայտարարություններ, ատելության արտահայտություններ հնչեցվեցին»: