|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին շտապ պետականացնելու խնդիրը:
Ըստ Demokrathaber-ի՝ Փայլանն այդ մասին գրավոր հարցերն ուղղել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Նա, մասնավորապես, պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին`
1. Ի՞նչ հիմնավորում ունի Տիգրանակերտի Սուր շրջանի վերաբերյալ ընդունված «հապճեպ պետականացման» որոշումը:
2. Ի՞նչ է տեղի ունենալու պետականացման ենթակա տարածքների հետ:
3. Ինչպե՞ս է պաշտպանվելու Սուր շրջանում բնակվող քաղաքացիների սեփականության իրավունքը:
4. Արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ պետականացման ենթակա տարածքներից են նաև հայկական և ասորական հիմնադրամներին պատկանող և անգնահատելի հոգևոր արժեք ունեցող` Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, Սուրբ Սարգիս եկեղեցին, Մար Պետյուն քաղդեական եկեղեցին, ասորական Մարիամ Աստվածածին և Բողոքական եկեղեցին:
5. Այն կառույցները, որոնց վերաբերյալ պետականացման որոշում է կայացվել, ի՞նչ չափանիշներով են դասվել կառավարության որոշման մեջ նշված «ռիսկային տարածքների» շարքը:
6. Արդյո՞ք հասարակությանը ներկայացվելու են այն փաստաթղթերն ու հաշվետվությունները, որոնց համաձայն` վերոնշյալ եկեղեցիները դասվել են «ռիսկային տարածքների» շարքը:
7. Ի՞նչ է լինելու այդ եկեղեցիների պետականացման արդյունքում: Այսուհետ ի՞նչ նպատակի են ծառայելու այդ կառույցները:
8. Արդյո՞ք կարծում եք, որ փոքրամասնությունների հիմնադրամներին պատկանող եկեղեցիների և անշարժ գույքի պետականացումը համապատասխանում է ներքին օրենսդրությանն ու Լոզանի պայմանագրին:
9. Որպես կառավարություն, որը պարտավորվել էր վերադարձնել փոքրամասնություններին պատկանող ամբողջ գույքը, չե՞ք կարծում, որ այս քայլը հակասում է ձեր նախկին քաղաքականությանը: