կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-20 16:35
Առանց Կատեգորիա

Ներքին վստահության դեֆիցիտի պահպանումն այլևս աններելի է

Ներքին վստահության դեֆիցիտի պահպանումն այլևս աններելի է

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, խորհրդարանական ուժերի և քաղհասարակության որոշ ներկայացուցիչների` 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվեցին։ Այդ ձևաչափի մաս կազմող ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ թեև իշխանությանը նախապես իրենց ներկայացրած 5 սկզբունքային պահանջներից մի քանիսի ուղղությամբ հաջողվել է հասնել փոխզիջումների, սակայն իրենք չեն հասել ցանկալի արդյունքի։ Ցանկացած բանակցության նպատակը, եթե այն հիմնված չէ կողմերից մեկի կապիտուլյացիայի վրա, փոխզիջումների հասնելն է։ Իսկ փոխզիջումներից կողմերը երբեք ամբողջովին բավարարված չեն լինում։ Եթե Զուրաբյանը կատարյալ զիջում էր ակնկալում, ապա իմաստ չուներ բանակցել, պարզապես պետք էր պահանջները ներկայացնել ու սպասել դրանց կատարմանը՝ պատրաստվելով իշխանության կողմից դա չանելուց բխող գործողություններին։ Այս իմաստով կարևոր էր, որ որքան էլ կայացած բանակցությունները չէին ընդգրկում քաղաքական և քաղաքացիական ողջ սպեկտրը, ինքնանպատակ չդարձան։

Դրան զուգահեռ, նախորդ կիրակի Հայաստանի մի քանի բնակավայրերում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց մեծամասնության դեպքում արդյունքները կանխատեսելի էին։ Չնայած դրանց ընթացքում ընտրախախտումների մասին տեղեկություններին՝ ընտրությունների արդյունքների բողոքարկում տեղի չունեցավ, ինչը նշանակում է, որ, անկախ ընտրությունների որակից, պարտություն կրած թեկնածուներն ընդունեցին, հետևաբար` նաև լեգիտիմացրին արձանագրված արդյունքները։ Դրանցից, սակայն, ուշագրավ էին հատկապես Հրազդանում կայացած` քաղաքապետի ընտրությունները՝ ոչ միայն ընտրապայքարի սրության առումով, այլ նաև ընտրական պրոցեսի վերահսկման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կիրառված նոր մեխանիզմների։ Ընտրությունների հաջորդ օրը թեկնածուներից մեկի՝ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև հաղթանակ չեն տարել, սակայն իրենց հաջողվել է պաշտպանել  յուրաքանչյուր ընտրողի` ազատ քվեարկելու իրավունքը և նրանց քվեն՝ իրենց նվիրյալ վստահված անձանց միջոցով։ Փաշինյանը հասկացրեց, որ իրենց հաջողվել է կանխել ընտրատեղամասում հնարավոր բոլոր տիպի ընտախախտումները, և հիմնական խնդիրը, գլխացավանքը մնում է ընտրատեղամասի տարածքից դուրս ընտրողների հետ տարվող աշխատանքը, հատկապես` ընտրողների հավաքագրումը, ուղղորդումը և ընտրակաշառքների բաժանումը։ Իսկ դրանք կենսունակ են, քանի որ  ընտրողներն իրենց ցանկությամբ են դառնում ընտրակեղծարարության մասնակիցը կամ գործիքը։

Այս իմաստով Հրազդանի ընտրությունները բացահայտեցին երկու կարևոր իրողություն։ Առաջին՝ անգամ առանց Ընտրական օրենսգրքով խախտումների կանխարգելմանն ուղղված փոփոխությունները կատարելու էլ բավարար կազամակերպվածություն և սկզբունքայնություն դրսևորելու դեպքում կարելի է զգալիորեն վերահսկել ընտրական գործընթացը և առնվազն ընտրատեղամասի մակարդակով կանխել ընտրակեղծիքների իրականացումը։ Երկրորդ՝ հիմնական խնդիրը ընտրական և քաղաքական համակարգերի, ինչպես նաև քաղաքական ուժերի հանդեպ հասարակության վստահության բացակայությունն է, ընտրությունների արդյունքների կանխորոշվածության մեջ նրանց կանխակալ համոզվածությունը, ինչն էլ մարդկանց դրդում է դառնալ ընտրակեղծարարության մասնակիցն ու «գործիքը»։ Սա իր հերթին հուշում է, որ իրական խնդիրները ոչ թե ընտրատեղամասում են, այլ փողոցում և կապված են ընտրողների մտածողության և վստահության դեֆիցիտի հետ։ Ուստի, եթե քաղաքական ուժերն ուզում են առաջիկա խորհրդարանական վճռորոշ ընտրություններում հասնել հաջողության, այլ տարբերակ, քան ընտրողների հետ գրեթե անհատական մակարդակով աշխատելը, թե' իրենց և թե' ընտրական համակարգի հանդեպ նրանց վստահությունը վերականգնելը, չունեն։ Երբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժն ի սկզբանե հայտարարում է, որ, միևնույն է, իշխանությունները կեղծելու են ընտրությունների արդյունքները, և իրենք ոչինչ անել չեն կարող, իրեն լսող ընտրողին անհուսալիության զգացում է ներարկում և դրդում գոնե մինիմալ անձնական օգուտի համար գնալ ընտրակաշառք վերցնելու հանցավոր գործարքին։

Այս տեսանկյունից թե' Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոմպրոմիսի գնալու` իշխանության և ընդդիմության նախաձեռնությունը, թե' Հրազդանում քվեարկության և ձայների հաշվարկի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու` «Քաղաքացիական պայմանագրի» փորձը դառնում են չափազանց կարևոր որակյալ և լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար։ Ընտրություններ, որոնք պետք է դառնան կառավարման համակարգի փիլիսոփայության խորքային վերանայման միջոց։

 Ղարաբաղյան քառօրյա պատերազմը վերջնականապես հասկանալի դարձրեց, թե որքան աղետալի կարող է լինել Հայաստանում իշխանության և հասարակության բևեռացվածությունը, պետական իշխանության հանդեպ հանրային վստահության բացակայությունը։ Ահագնացող արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար  իշխանությունն ու հասարակությունը այլ տարբերակ, քան նույն արժեքներով ապրելն ու գործելը, նույն մտածողությամբ առաջնորդվելը, պարզապես չունեն։ Այլ ռեսուրս Հայաստանը չունի։ Եվ սա հայտնագործություն չէ։ Նախորդ տարի դեկտեմբերին` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն առաջադրեց այդ պարզ, հասկանալի և անայլընտրանք բանաձևը. «Ժողովրդավարությունը պակասեցնելն ինձ համար ընդունելի չէ, որովհետև մենք դրա ռեսուրսը չունենք, և այդ բռունցքի ուժի առասպելներն ինձ համար ընդունելի չեն: …Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարություն: Հայաստանին անհրաժեշտ է կանոնակարգել իր կյանքը, որպեսզի այդ կյանքը դառնա շատ ավելի հաճելի: Մենք չունենք այդ ռեսուրսը: Այդ ռեսուրսը կարող են օգտագործել մեր այն հարևանները, ովքեր հավելյալ փող ունեն և չգիտեն այն ու՞ր դնեն՝ ճանապարհներ կկառուցեն, հիվանդանոցներ կկառուցեն ու հետո ընդդիմադիրներին կձերբակալեն, չգիտեմ՝ էլ ինչ: …Մենք չունենք այդ հնարավորությունը»:

Հիմա եկել է այս բանաձևը հենց ընտրությունների միջոցով իրացնելու ժամանակը։ Հիմա լեգիտիմ իշխանության և հասարակության միջև վստահության վրա հիմնված դաշինքի ստեղծումը միայն կարող է Հայաստանին դուրս հանել տարածաշրջան հասած աշխարհաքաղաքական ներկայիս փոթորկի ճիրաններից և ամենակարևորը՝ ամրապնդել իշխանության, նախագահի թիկունքը ԼՂ հարցով վերսկսվող ծանրագույն բանակցություններում։ Իշխանությունը հենց այսօրվանից պետք է հստակ ազդակներ հաղորդի հասարակությանը, որ պատրաստ է ներքին որակական վերափոխման, պատրաստ է նրա հետ այդ դաշինքին։ Հետո կարող է ուշ լինել:

Գևորգ Աղաբաբյան