կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 13:53
Քաղաքական

Ինչի՞ պետք է պատասխան տա. Գալուստ Սահակյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

Ինչի՞ պետք է պատասխան տա. Գալուստ Սահակյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց լրագրողների հարցերին երեկ հրաժարական տված՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ: Նա չցանկացավ մեկնաբանել հրաժարականի պատճառները՝ ասելով, որ դրանք ներկայացրել է ինքը՝ Միհրան Պողոսյանը:

«Մարդն ինքն է որոշում, թե ինչպես պետք է պատասխանի, և ես չեմ կարծում, թե դա այն հրատապ հարցն է, որ պաշտոնաթող մարդու համար պետք է կարծիքներ հնչեն, թե ինչու նա հրաժարական տվեց»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ «լրագրողության» միջոցներով է կարդացել ինչ-ինչ սկանդալային պատճառների մասին:

Ըստ ԱԺ նախագահի՝ ինքը աշխատանքային հարաբերություններ, որպես այդպիսին, չի ունեցել Միհրան Պողոսյանի հետ, որ կարողանա մեկնաբանություններ տալ, բայց այդ կառույցը վերջին տարիներին, անկասկած, լավ է աշխատել:

Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Միհրան Պողոսյանի հրաժարականը կարող է իրավական հետևանքներ ունենալ, այլ բան է՝ եթե մարդը հանցանք է կատարում, դրա համար պետք է պատասխան տա: «Մարդը պաշտոնից հրաժարվել է, ինչի՞ դրա համար պետք է պատասխան տա, ո՞ւմ պետք է պատասխան տա»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ պետք է պատասխան տա օֆշորային սկանդալի համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ ամենը մամուլով շրջանառվող լուրեր են: «Եթե իրողություններն այնպիսին լինեն, որ հակասեն մեր երկրի օրենսդրությանը, բնականաբար, ցանկացած մարդ պետք է պատասխան տա»,- ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Միհրան Պողոսյանն այլ պաշտոնի անցնի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ եթե պարզվի, որ նա անմեղ է, ուրեմն կարող է և այլ պաշտոնի անցնել: