կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-15 12:55
Քաղաքական

Սա այսօրվա քննարկելու հարցը չէ. Միհրան Պողոսյանի` ԴԱՀԿ մասին նախագիծը չգոհացրեց հանձնաժողովին

Սա այսօրվա քննարկելու հարցը չէ. Միհրան Պողոսյանի` ԴԱՀԿ մասին նախագիծը չգոհացրեց հանձնաժողովին

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցը:

Նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը կողմ չէ հարկադիր ծառայողի վարչարարությամբ պատճառված վնասը միայն ԴԱՀԿ-ի ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին փոխհատուցելուն: 

«Ճիշտ է, որ հարկադիր աշխատողն իր վատ աշխատանքի պատճառով ինքը փոխհատուցում տա, և պետության համար չլինի ծանրաբեռնվածություն, բայց չափը չհստակեցնելու դեպքում ծառայությունը կարևոր խնդրի առաջ կկանգնեցնեք։ Պետք է նշվի, որ չափը չի կարող գերազանցել ԴԱՀԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գոյացված միջոցների 30 տոկոսը», - ասաց պատգամավորը:

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններ կատարել ու հարկադիր ծառայողի վարչարարությամբ պատճառված վնասը ԴԱՀԿ-ի ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին փոխհատուցել: Սրանով կառավարությունը նպատակ ունի ՀՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռը թեթևացնել։

Պողոսյանի խոսքով` եթե տուգանքն ամբողջությամբ հատկացվի միայն բյուջեից, ապա ծառայությունն օրենքով սահմանված իր իրավունքները կյանքի կոչել չի կարողանա, քանի որ ծառայության ամբողջ բյուջեի 65 տոկոսն իրականացվում է արտաբյուջեի հաշվին, որի արդյունքում կատարողական գործողությունները կազմակերպելու համար պետության բյուջեից ծառայությանը քիչ գումար է հատկացվում։ «Եթե սահմանափակում չդնենք, ապա ծառայությունն էլեմենտար գործողություններ չի կարող անել», - ասաց նա։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, վերամշակել և հետո քննարկել։ Պողոսյանն էլ նշեց, որ մոտեցումը հասկանալի է բոլորի համար, բայց պետք են վիճակագրական տվյալներ և հիմնավորումներ։ «Կարծում եմ՝ մենք ունենք այդ հնարավորությունը, որոնք կհիմնավորեն բարձրաձայնված թվերը»,- ասաց պատգամավորը։

Կոստանյանը նաև ընդգծեց, որ արտաբյուջետային ֆոնդ ունենալը պետք է պատճառաբանված լինի։ «Հիմա չէ, բայց, առհասարակ, ես խնդիր եմ բարձրացնելու արտաբյուջեատային հաշիվների անհրաժեշտության և հիմնավորման հետ կապված։ Այս օրենքի կոնտեքստում սա դեռևս չենք քննարկի, բայց հեղինակին առաջարկում ենք, որպեսզի այս կարգավորումների հիմնավորումները լինեն պատշաճ։ Լրամշակեք ու նոր ներկայացրեք»,- առաջարկեց նա:

Միհրան Պողոսյանն էլ հակադարձեց, որ հարցին այլ տեսանկյունից պիտի նայել, որովհետև այդ ԴԱՀԿ ծախսերի 35 տոկոսն է բյուջեից տրամադրվում։ «ԴԱՀԿ-ն սպեցիֆիկ է։ Դու երբեք չես կարող իմանալ, թե որքան գործ կլինի, ու դրա հետևանքով է արտաբյուջեն ձևավորվում։ Պետությունը չի կարող պլանավորել, թե որքան գործ, վարույթ կհարուցվի ծառայությունում։ Սրանով է պայմանավորված արտաբյուջեի խստագույնս անհրաժեշտությունը։ Բայց, ինչպես դուք ասացիք, սա այսօրվա քննարկելու հարցը չէ։ Համաձայն եմ հետաձգել հարցը»,- ասաց նա։