Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 2-ին, երբ մեր զինվորների փամփուշտները վերջացել են, տղերքը սկսել են բահով կռվել: Հպարտությամբ են ասում: Ու որքան հպարտությամբ են այդ մասին խոսում, այնքան ավելի խեղճ ենք երևում: Առաջնագիծ մեկնած ազատամարտիկը խնդրում է` կոնֆետ ու թխվածք ուղարկելու փոխարեն գիշերային տեսանելիության սարքեր ուղարկել: Հենց այդպես էլ մոտենում ենք հարցին` խնդրանք, իսկ փաստը, թե դեռ այն օրի չենք, որ «կանֆետն ու պեչենին» «սրտի մխիթարանք» լինեն, ոչ ոք չի արձանագրում, ձեռնտու չէ` թշնամուն հո չե՞նք ուրախացնելու:
Այն, որ օտարերկրացիներն այս օրերին կոչերով էին հանդես գալիս, նորմալ էր, սպասելի, թեկուզ` լղոզված ու ոչինչ չասող խաղաղության կոչեր, բայց, երբ սահմանին կանգնած տղաների կողքին լինելու փոխարեն կոչերով են հանդես գալիս մեր բարձրաստիճան պաշտոնյաները, ուզում ենք հասկանալ` տեսնես` ո՞ւմ են ուղղված այդ կոչերը, նրա՞նց, ովքեր մեզ ուղղված կոչերով են հանդես գալիս:
Ո՞ւր են ընտրությունից ընտրություն ժողովրդի կողքին կանգնող ու ամեն ինչ ժողովրդի համար անող փողկապավորները: Կներեք, ճիշտ է, մեկ-երկուսին հեռուստացույցով ցույց տվեցին. բարեմաղթանքներ էին հղում զինվորներին` ճոխ-ճոխ, հուսադրող, խրոխտ: Պարոնայ'ք փողկապավորներ, բարեմաղթանքները թողեք երեխաներին կամ էլ մայրերին, որոնք սպասում են իրենց զինվորի վերադարձին, նրանց բարեմաղթանքներն ավելի շուտ են տեղ հասնում: Ու մինչ փողկապավորները համապատասխան կոստյում են ընտրում, որով ավելի ազդեցիկ կհնչեն իրենց բարեմաղթանք-խորհուրդները, շատերն ուղղակի մեկնում են ճակատ` մեկնում են անգամ առանց իրենց ծնողներին տեղեկացնելու. ծնողները 1-2 օր կլացեն, հետո կհասկանան իրենց: Տղերքը մեկնում են, որովհետև գիտեն` դուք միայն բարեմաղթանք ու կոչեր եք հղելու, տղերքը մեկնում են, որովհետև գիտեն` պատերազմում խորհուրդներով չեն հաղթում, «հաղթանակ» բառը բարեմաղթանք դարձնելու համար նախ պետք է այն քեզնով անես: Տղերքը մեկնում են, որովհետև գիտեն` զոհված զինվորի մորը կոչերով չես հուսադրի, զոհված զինվորի մայրը պետք է իր տղայի գործը շարունակողին տեսնի:
«Աստղերը /կներեք, բայց այս դեպքում սահմանին կանգնած տղաներին նկատի չունեն/ մեկնում են Արցախ». աստղերը մեկնում են Արցախ` չիմանալով, որ Արցախը միայն Ստեփանակերտը չէ, ավելին` երևի դեռ չեն զգում, որ Ստեփանակերտի հրապարակում արված իրենց սելֆիներով անգամ 1-2 «լայք անող» չի ավելանում. լայքել սիրողներն այս օրերին նախընտրում էին Ռուսաստանին հայհոյող գրառումները լայքել: Աստղերին /չգիտեմ էլ` ովքեր են նրանք/ երևի ոչ ոք չէր հուշել, որ այդքան գումար ծախսելու ու Ստեփանակերտում սելֆի անելու փոխարեն միգուցե արժեր, որ ուղղակի գնային ու Կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմաց հավաքված զինվորների մայրերի կողքին նստեին, ուղղակի նստեին`առանց սելֆի անելու:
92 զոհ, բայց երկրիս պաշտոնյաներից և ոչ մեկն էլ օրակարգ չփոխեց, անգամ` նրանք, ովքեր սիրում են երբեմն-երբեմն զինվորական հագուստով նկարվել, այս անգամ կոչերով բավարարվեցին: Մաշտոցի պուրակում, որտեղ այս օրերին զինվորների համար սնունդ, քաղցրավենիք էին հավաքում, ու որին անգամ ծննդկան կանայք էին մասնակցում` իրենց բերված մրգերն ու հյութերը պատուհանից տոպրակներով ներքև իջեցնելով, այդպես էլ չտեսանք օլիգարխներից որևէ մեկին. խառն էին` կոչերի տեքստերն էին գրել տալիս: Կոչերով հանդես եկողներն այդպես էլ չիմացան` եթե մեզ մոտ խնդիրները կոչերով լուծվեին, իրենք վաղուց իրենց հասանելիք տեղում կլինեին, այլ ոչ թե «վերևներում»:
***
Երեկ Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող վիրավոր տղաներից մեկն ասաց. «Հենց տեսանք` հակառակորդը վրա է տալիս, ձեռքներս ինքնաբերաբար զենքին տարանք: Այդ պահին չես մտածում` հանուն ինչի ես կռվում, ուղղակի գիտես, որ պիտի պայքարես: Այդ պահին ոչնչի մասին չես մտածում, միակ միտքն անգամ մի քայլ հետ չգնալն է: Հետո, երբ համեմատաբար խաղաղվեց, նոր միայն հասկացա` բոլորի համար էի կռվում, ուշք ու միտքս մենակ տնեցիք չէին…»:
Կարինե Հարությունյան