Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում է կենտրոնացված երկրի գիտական ներուժի մեծ մասը, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոնը ԳԱԱ համակարգի հիմնարար ինստիտուտներից է, որտեղ իրականացվում է մագիստրոսական և ասպիրանտական կրթություն։
Կենտրոնի ուսանողները մշտապես համալրել են երկրի կադրային դարբնոցը՝ աչքի ընկնելով իրենց մարդկային և մասնագիտական որակներով։
Արցախյան պատերազմը անտարբեր չէր կարող թողնել Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին. նրանցից շատերը ակտիվ մասնակցություն ունեցան մարտական գործողություններին։ Կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետը զրուցել է առաջնագծում կռված հերոս ուսանողներից երկուսի՝ Մանուել Մանուկյանի և Էդուարդ Մանուկյանի հետ: Մանուել Մանուկյանը ծանր վիրավորվել էր երկու ձեռքից և աջ ոտքից: Սիսական ջոկատի և առաջնագծի քաջ տղաներին հաջողվել էր նրան դուրս բերել դիրքից:
- Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մասին, 6 ընկերներովերեկոյան ժամը 18-ին մեքենայով շարժվեցինք Արցախ: Սեպտեմբերի 28-ին Հադրութի զորամասում էինք, որտեղ ծառայել եմ 2014-2016 թթ., մասնակցել Ապրիլյան պատերազմին: Մենք պարտավոր էինք լինել պատերազմի դաշտում, որովհետև մեր եղբայրները, մեր 18 տարեկան անմեղ տղերքը այնտեղ էին, պարտավոր էինք նրանց օգնության հասնել: Տղաների մարտական ոգին շատ բարձր էր, շատ հզոր էին և վստահ իրենց գործողություններում: Նրանք ոչնչի մասին չէին մտածում, անհամբեր սպասում էին հաջորդ տանկի հայտնվելուն, որ խոցեն: Շատ մեծ ոգևորությամբ և համարձակորեն կռվում էին, անում անհնարինը,- պատմում է Մանուելը:
Նրա ոգևորությունը կրկնապատկվեց, երբ տեսավ, թե ինչպիսի տղերքի կողքին է կանգնած, և ինչ սխրագործությունների են ընդունակ նրանք:
- Ամենից շատ մտածում էինք հակառակորդին ոչնչացնելու, նոր տանկեր խոցելու մասին: Մտածում էինք մեզ համար թանկ ու հարազատ մարդկանց մասին, մեր ծնողների, ընտանիքների, ընկերուհիների և ամենակարևորը՝ մեր սուրբ հայրենիքի մասին: Մենք ամեն բան անում էինք, որ հաղթենք և ոչ մի քայլ չզիջենք թշնամուն:
Մանուելը թախիծով է հիշում զոհված ընկերներին։
- Երբեք չեմ մոռանա 4 տանկ խոցած մեր ընկեր Մուշին, որի անվրեպ զարկերից ոչնչանում էին թշնամու տանկերը: Ցավոք, Մուշը, Արտակը և Վանը հերոսաբար զոհվեցին հենց կողքիս՝ իրարից կես մետր հեռավորության վրա: Չորսիցս Աստծո հրաշքով միայն ես ողջ մնացի: Թշնամու տանկերի հակագրոհնէին պատրաստվում կանգնեցնել, երբ ընկան ընկերներս: Երևի Աստված ինձ փրկեց, որ պատմեմհերոսների մասին և միշտ վառ պահեմ նրանց հիշատակը:
Էդուարդը պատմում է, թե ինչպես ինքն ու մեծ եղբայրը դեմ կանգնեցին ընտանիքի անդամներին, որոնք արդեն խուճապաի մեջ էին ընկել, և կռվի ամենաթեժ օրերին որոշեցին գնալ և իրենց պարտքը տալ հայրենիքին: Իրենց ոչ ոք կանգնեցնել չկարողացավ:
- Նոր էինք գնացել. 2-րդ կամ 3-րդ օրն էր: Ջոկատով էինք: Մեզ հետ 5 տղաներ կային, որոնք պատերազմի մասնակցության փորձ ունեին, թեպետ դեռ 30 տարեկան էլ չկային:
Մի տղա կար մեզ հետ («գիժ» էինք նրան ասում), շատ համարձակ էր: Խրամատներում էինք, երբ լսեցինք՝ ԱԹՍ-ների ձայները գնալով մոտենում են: Մեզ զգուշացրել էին ձայն լսելիս թաքնվել: Հանկարծ նկատեցինք, որ Գիժը դուրս է գալիս խրամատից, փորձում գտնել ԱԹՍ-ն, որ խոցի: Հասցրին կողքի դիրքից գոռալ, որ դա հայկական սարք է: Գիժը շատ դժգոհ հետ վերադարձավ, իսկ երբ հարցրինք՝ ինչու դուրս եկավ, չէ՞ որ ասել էին թաքնվել, պատասխանեց, որ ուզում էր մոտիկից տեսնել: Տղաների մարտական ոգին իսկապես բարձր էր: Բոլորն էլ գիտակցում էին՝ ուր են եկել, ինչի համար, և որ ավելի հավանական է, որ հետ չեն գնա: Տղերքը բոլորն էլ մինչև վերջ կանգնած մնացին իրենց դիրքերում,- պատմում է Էդուարդը:
Լիահույս է, որ բոլորը կսկսեն ավելի լուրջ վերաբերվել թշնամուն, չթերագնահատել նրա ուժը, որ մեր միջից կվերանա դավաճան տեսակը, որի պատճառով այսօր կորցրինք Արցախի մեծ մասը: