Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները լրագրողներին ներկայացրեցին մանրամասներ «Եվրանեսթ» ԽՎ-ի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ:
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, անդրադառնալով քաղաքական հարցերի հանձնաժողովում նախապատրաստված զեկույցներին, նշեց, որ դրանցից մեկում եղել են հակասական դրույթներ, և հայկական պատվիրակությունն ունեցել է վերապահումներ: Դրանում եղել են ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ առաջարկություններ, որոնք հակասում էին Հայաստանի շահերին, սակայն, Արտակ Զաքարյանի խոսքով, գործը վետոյին չհասավ. բանակցությունների արդյունքում հեղինակները հետ վերցրեցին իրենց առաջարկները` կանոնակարգին համապատասխան:
«Ընդհանուր առմամբ, ընդունված բոլոր չորս զեկույցները բխում էին Հայաստանի ընդհանուր շահերից, դրանցում չեն եղել խնդիրներ, որոնք որոշակի անընդունելի երանգներ են ունեցել, և դրանք հայկական պատվիրակության կողմից ընդունելի են եղել»,- ասաց Արտակ Զաքարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հավելեց, որ «Եվրանեսթ»-ում այս անգամ կարողացել են նախահարձակ լինել` հաշվի առնելով անցյալի սխալները: Սահմանին լարված իրավիճակի վերաբերյալ կոչ էին նախապատրաստել՝ զերծ մնալ զինադադարի խախտման փորձերից և ռազմատենչ հայտարարություններից:
«Այս անգամվա մեր գլխավոր հաջողությունն այն էր, որ կարողացանք տեղ հասցնել այն գիտակցումը, որ ԼՂ կարգավորումն ունի ձևաչափ, և պետք է զերծ մնալ «Եվրանեսթ»-ում դա քննարկման առարկա դարձնելուց»,- ասաց Թևան Պողոսյանը:
«Եվրանեսթ»-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքների մասին խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ասելով, որ զեկույց է պատրաստել փոքր ու միջին ձեռնարկությունների մասին, սակայն այն տվյալները, որոնք ունեին եվրոպացիները վեց անգամ տարբերվում էին Հայաստանի վիճվարչության տվյալներից:
«Նման թվերով հնարավոր չէ երկիր կառավարել»,- ասաց պատգամավորը՝ հանդիմանելով Հայաստանի ԱՎԾ գործունեությունը:
Նշենք, որ «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքները Բրյուսելում համընկան այնտեղ իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: Պատվիրակության անդամները նշեցին, որ, չնայած ստեղծված արտակարգ վիճակին, այնուամենայնիվ, այդ աշխատանքները չխաթարվեցին: