կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 22:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե արտախորհրդարանական ընդդիմությունը կունենա առաջարկներ, որ կարող ենք քննարկել ԱԺ-ում, դա կարող է լինել քննարկման առարկա. Անի Սամսոնյանը՝ ՀՅԴ պահանջի մասին

Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու մասին ՀՅԴ հայտարարությունը, որով ՀՅԴ-ն, ելնելով երկրում ստեղծված աղետալի վիճակից, պահանջում է ԱԺ հատուկ նիստ գումարել, կոնկրետ օրակարգով: 

Yerkir.am- ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունն իրավունք ունի մտահոգվելու եւ առաջարկություններ ներկայացնելու, կարեւոր է հասկանալ, արտակարգ նիստ գումարելու նպատակը որն է:

«Եթե օրակարգում այնպիսի հարց կա և գալիս է այնպիսի առաջարկ, որ մենք կկարողանանք քննարկել՝ կարծում եմ, կքննարկենք: Այս ընթացքում խորհրդարանը բազմաթիվ արտահերթ նիստեր է գումարել, եթե կար նման հարց, մենք կարող էինք նաեւ հերթական նստաշրջանում քննարկել այդ հարցը, բայց եթե կա հրատապ առաջարկություն, որը կներկայացնեն, եւ հարկ կլինի նիստ գումարել, միգուցե կքննարկենք», - նշեց Սամսոնյանը:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն ներկայացնում է արտակարգ նիստ գումարելու 3 հիմնական պատճառ, քննարկել եւ ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին, սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից, պատասխանատվության կանչել ձախողած բոլոր պաշտոնատար անձանց, գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ եւ արդյունավետ ձեւով կկասեցնեն համավարակի տարածումը եւ կկանգնեցնեն տնտեսության փլուզումը, պատգամավորը պատասխանեց. 

«Ինչ վերաբերվում է գնահատական տալուն՝ խորհրդարանում այս օրերին բազմիցս ունեցել ենք գնահատական տալու առիթներ, և ասել, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, իշխանությունը ձախողել է համավարակի դեմ պայքարն՝ իր անլուրջ վերաբերմունքի, իր գործողություններն ուշացնելու պատճառով, և այս կապակցությամբ անհրաժեշտ է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ իմաստ չեմ տեսնում:

Պատասխանատուներին պատասխանատվության կանչելը պիտի իրականացնենք համավարակից հետո, քանի որ այս իրավիճակում քննարկել այդ հարցը այդքան էլ համարժեք չեմ համարում իրավիճակին: Ունենք այն, ինչ ունենք, ցավոք՝ ունենք պատասխանատուներ, որոնք լուրջ չեն վերաբերվում իրավիճակին, ինչպես օրինակ Արսեն Թորոսյանը: Բայց այս իրավիճակում եթե քննարկենք նրան պատասխանատվության ենթարկելու և փոխարինելու հարցը, կարծում եմ ոչ թե կօգնենք, այլ կվնասենք: Նրա հարցը անպայման պիտի քննարկել, բայց արտակարգ դրությունից և համավարակի ավարտից հետո: Պետք է նաև հաշվի առնել, որ իշխանությունն այս պահին չունի կադրային քաղաքականություն, և ամեն կադր փոխելուց հետո գալիս են ավելի վատ կադրեր: Ինչ վերաբերում է լուծումներ փնտրելուն՝ այո, սա ողջամիտ առաջարկ է: Մենք բոլորս պիտի փնտրենք և առաջարկենք լուծումներ, բայց դրա համար հրավիրել արտահերթ նիստ՝ չի կարող օրակարգային լինել, քանի դեռ այդ լուծումներն առարկայական չեն ներկայացվել»:

Անի Սամսոնյանն ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է բոլորի հետ համագործակցել երկրի, հանրային շահի համար լուծումներ փնտրելու նպատակով:

Պատգամավորը շեշտեց. «Եթե արտախորհրդարանական ընդդիմության կողմից կլինեն այնպիսի մտահոգություններ, առաջարակներ, որ մենք կարող ենք քննարկել դա ԱԺ-ում, կարծում եմ, այո՝ դա կարող է լինել քննարկման առարկա»:

Մանրամասները՝ տեսանյութում.