կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-16 01:48
Արցախ

Գայլերի թեման` լուրջ քննարկման առարկա

Գայլերի թեման` լուրջ քննարկման առարկա

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկումների առարկա էր դարձել գիշատիչների գլխաքանակի կարգավորման թեման:

 

Կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Գարիկ Գրիգորյանը, ներկայացնելով պետական միջոցներով գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների այս տարվա ծրագիրը, տեղեկացրեց, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում ոչնչացվել է 68 գայլ:



Կառավարության անդամներից մեկին հետաքրքրեց, թե վարչությունն այդ կապակցությամբ մոնիտորինգ իրականացնո՞ւմ է, եւ, ոչնչացնելով այդ գիշատիչներին, արդյո՞ք չեն կանգնի մեկ այլ` բնությանը վնաս հասցնելու խնդրի առաջ:

 

Ի պատասխան Գարիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ 1987 թվականից հետո հանրապետությունում նման միջոցառումներ երկար ժամանակ է` չեն իրականացվել: Դրանք սկսվել են 2006 թվականին միայն. այդ եւ հաջորդ տարվա ընթացքում ոչնչացվել է 8-ական գայլ: Նախորդ տարիների համեմատ`  ակտիվ էր 2008 թվականը. ոչնչացվել է 51 գայլ, իսկ ահա 2009-ին եւ 2010-ին` համապատասխանաբար 146 եւ 179 գայլ:

 

Վարչության պետի խոսքերով` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ միջոցառումները մոտակա երկու տարում նույնպես պետք է շարունակվեն:

 

Տեղեկացնենք, որ գիշատիչների (գայլերի, շնագայլերի) գլխաքանակի կարգավորման նպատակով կենսատեխնիկական միջոցների կազմակերպման եւ որսորդների խրախուսման համար անցյալ տարի հատկացվել էր 18 մլն դրամ, նույնքան էլ նախատեսվում է այս տարի:


Մեկ գայլի ոչնչացման համար հատկացվում է 100 հազար, իսկ շնագայլի համար` 8 հազար դրամ: