Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց մարզի Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար գյուղերում, տեղում ծանոթացավ համայնքների խնդիրներին:
Ի դեպ, ընտրվել էին մարզկենտրոնից համեմատաբար հեռու գտնվող և առավել ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող համայնքները: Նախարարի հետ զրույցում համայնքների բնակիչները և գյուղապետերը բարձրաձայնեցին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին:
Թաթուլ համայնքի բնակիչների խոսքով՝ գյուղում առաջնահերթ է կաթի համար նախատեսված հատուկ սառնարանների ձեռքբերումը:
Գյուղացիները բարձրաձայնեցին նաև անասնակերի բարձր գնի մասին: Նախարարը խոստացավ քննարկել և հնարավորության դեպքում գյուղին գոնե երկու սառնարան տրամադրել, իսկ ինչ վերաբերում է անասնակերի (թեփ) բարձր գնին` Դավիթ Լոքյանը նշեց, որ խնդիրն առկա է այլ գյուղերում ևս, և այժմ իրենք փորձում են պարզել անասնակերի ներկրման հետ կապված խնդիրները ու լուծում տալ դրանց:
Քննարկվեց նաև մի քանի գյուղերի համար ալրաղաց կառուցելու, ինչպես նաև Թալինում սպանդանոց հիմնելու հարցը, ինչը որոշ չափով կթեթևացնի գյուղացիների բեռը: Թալինի տարածաշրջանի գյուղերի բնակիչները հրատապ լուծում պահանջող խնդիրներից առանձնացրին ճանապարհների հիմնանորոգման հարցը:
Որոշ գյուղերում անմխիթար ճանապարհների պատճառով չի գործում տրանսպորտը, իսկ կաթի մթերում իրականացնողները հրաժարվում են հասնել գյուղեր:
Մարզկենտրոնում համայնքապետերի հետ ունեցած հանդիպման ժամանակ նախարար Դավիթ Լոքյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ ծրագրերի անհրաժեշտություն կա` ելնելով տվյալ համայնքի կարիքներից: «Մեր խնդիրն է շրջել գյուղ առ գյուղ, ուսումնասիրել, թե տվյալ գյուղում ինչ պոտենցիալ կա՝ բնական ռեսուրսներ, գյուղատնտեսական, արդյունաբերական հնարավորություններ և այլն, ինչի հիման վրա մենք կկարողանանք որոշ համայնքներում արտադրական ձեռնարկություններ հիմնել: Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք իրագործել այդ խնդիրները»,- հանդիպման ժամանակ նշեց նախարարը:
Դավիթ Լոքյանն այցելեց նաև մարզում գտնվող «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի գործարան, ծանոթացավ գործարանի արտադրանքին և հնարավորություներին: Նախարարը եղավ նաև Աշտարակի բժշկական կենտրոնում, ծանոթացավ հիվանդանոցի շենքային պայմաններին և խնդիրներին: Բժշկական կենտրոնի տնօրենի և մարզպետի հետ քննարկվեց հիվանդանոցն օպտիմալացնելու հարցը: