Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը բարձրացրեց Շիրակի մարզում վթարային շենքերի հարցը: Պատգամավորը նշեց, որ Շիրակի մարզը, բացի գործազրկության ու աղքատության մակարդակի բարձր լինելուց, աչքի է ընկնում նաև երկարատև ու խստաշունչ ձմեռներով:
«Դժվար է, առհասարակ, ջերմություն ապահովել բնակարաններում, հատկապես` եթե դրանք վթարային են: Շիրակի մարզում հաշվառված են 118` 3-րդ աստիճանի վթարային բազմաբնակարային շենքեր, որոնցից 88-ը գտնվում են Գյումրիում: Վթարային շենքերում ապրում է 1920 ընտանիք: Այդ շենքերից 20-ը գտնվում են առավել ծանր վիճակում, և դրանց վթարային աստիճանը հասնում է 4-րդ կարգի: Առաջիկա տարիներին այս խնդրի լուծման համար որևէ ծրագիր չի՞ նախատեսվում»,- հարցրեց պատգամավորը` դիմելով` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:
Լոքյանը պատասխանեց, որ Գյումրիում բնակարանների մասով իրականում լուրջ խնդիրներ կան, և կան շենքեր, որ 3-րդ աստիճանի վթարայնության են:
«Մենք ունենք նաև 4-րդ վթարայնության շենքեր, որոնց թիվը 4-5-ի է հասնում, և դրանք հիմնականում բնակեցված չեն: Սակայն Գյումրիում ունենք 456 բնակարան` Լինսի հիմնադրամով և բարձրակարգ չափանիշներով կառուցված, որոնք առ այսօր սեփականատերեր չունեն: Մենք գնալու ենք այն քայլին, որ հաջորդ տարվանից այդ բնակարանները տեղափոխելու ենք համայնքային սեփականություն, քանի որ 10 տարուց ավելի է` չենք կարողանում այդ բնակարանների սեփականատերերին ստիպել` իրենց սեփականության իրավունքը գրանցել: Մենք ենթադրում ենք, որ չկան այդ մարդիկ, և, բնականաբար, 2003-2004թթ. բաշխված բնակարանները ճիշտ չենք բաշխել»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ 3-րդ աստիճանի վթարայնության շենքերի թիվը հանրապետությունում շատ է` Վանաձորում, Երևանում: Ըստ Լոքյանի` քաղաքաշինության կոմիտեի կողմից առանձին ծրագիր է կազմվել, և ծրագրի սկիզբը կդրվի այն ժամանակ, երբ պետությունն ունենա այն նվազագույն հնարավորությունները, որպեսզի այդ շենքերի ամրացման կամ նորը կառուցելու խնդիրները լուծի:
«Վերջին հաշվով` հասկանալի է, որ մենք նոր ենք ավարտել Գյումրու մեծածավալ բնակարանաշինության խնդիրը: Հաջորդ տարիներին` գյուղական բնակավայրերի բաց մնացած խնդիրը լուծելուց հետո, կանդրադառնանք նաև երկրում 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի ամրացմանը: Ռեսուրսների ոչ բավարար պայմանները մեզ թելադրում են սպասել ու ճշգրիտ լուծումներ տալ խնդիրներին: Փորձում ենք օգտագործել ազատ մնացած բնակֆոնդը, որ շատ ավելի ցածր ինքնարժեք ունի, քան նոր կառուցվողը, և սրանով կմեղմենք բյուջեի վրա այն ճնշումը, որը կարող է առաջացնել այս երևույթը»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ կառավարությունը ձեռնարկել է ամբողջական կոնցեպտ` լուծելու համար բազմաբնակարանային շենքերի խնդիրը: «Երկրում այս խնդիրն աչքաթող ենք արել, կամ մեր հնարավորությունները չեն թույլատրել այն ճիշտ կառավարել, և այսօր նույնպիսի ծանր պրոբլեմ ունենք Երևանում ու ամբողջ հանրապետությունում: Կարծում եմ, որ առավելագույնը 6 ամսից կունենանք նոր օրենք, նոր հայեցակարգ, որով նաև Գյումրիի բնակարանային խնդիրները կլուծենք: Հասկանում եմ, որ մտահոգ եք, բոլորս ենք մտահոգ, և, կարծում եմ` խնդիրը պետք է ընդհանուր կոնտեքստի մեջ լուծել»,- նշեց Լոքյանը: