Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թատրոնում այսօր էլ կան առկայծումներ, բայց, ցավոք, դրանք միայն առկայծումներ են «Ոլորտում տիրող ընդհանուր մակարդակն ինձ չի բավարարում»,- Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
Նրա խոսքով` օրինակ, դերասանուհի Նարինե Գրիգորյանի մոտ ստացվում է այնպես անել, որ ներկայացումներում լինի նոր շունչ, նաև հինը պահպանվի, սակայն թատրոնն այսօր ավելի շատ «ֆայլա բազարի» պես է. ոմն Ճտո Պտոյանը ինքն իրեն համարում է ռեժիսոր, սցենարիստները մեկ օրում 4-5 գործ են գրում, դերասաններն էլ` խաղում:
«Դպրոց չունենք, մշակութային քաղաքականություն չունենք: Աշխարհի անցուդարձից հետ ենք մնացել: Հիմա մեզ մոտ միտում կա՝ ինչ ներկայացում ու ֆիլմ լինի՝ կարևորն այն է, որ ծավալուն լինի: Երբ ստեղծագործության գնահատականն այս մակարդակին է, արվեստ չկա այստեղ»,- ասաց Ծատուրյանը:
Նա հիշեց, որ «էն անտեր սովետի» թվերին, երբ Հրաչյա Ներսիսյանը ներկայացում էր խաղում, դրանից առաջ բավականին մտահոգ էր դառնում՝ «տեսնես կհավանե՞ն»: Այդ տարիներին, ըստ Ծատուրյանի, ստեղծագործությունը ներկայացնելուց հետո քննարկում էր լինում, հանդիսատեսն իր կարծիքն էր հայտնում: Ռեժիսորը կարծում է, որ եթե հիմա էլ հանդիսատեսն իր կոնկրետ ճաշակն ու վերաբերմունքը թելադրի, շատերը բեմ բարձրանալուց առաջ կմտածեն. «Տեսնես կհավանե՞ն»:
«Թատրոնի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Տարիներ առաջ ինձ կանչեցին վերևներից ու թե՝ վաստակավոր դերասանի կոչում ենք տալու քեզ: Ես զարմացա՝ ասելով, որ ես ռեժիսոր եմ: Ի պատասխան ասացին՝ հա, բայց դերասանն ավելի լավ չի՞, ավելի լավ է հնչում: Այ այսքան անտեղյակ են ամեն ինչից: Թատրոնի, երկրի վիճակն ավելի է վատանում, և ես կարծում եմ՝ եթե իշխանությունը մտահոգ լիներ, քայլեր կձեռնարկեր»,- ասաց Ծատուրյանը:
Նա զարմանում է՝ տաղանդավոր ազգ էինք, էս ինչո՞ւ ենք այսքան խեղճացել: «Ինձ մտահոգում է՝ Հայաստանի վերջն ի՞նչ է լինելու այս հսկայական արտագաղթի պայմաններում: Մեզ մոտ հայտնվել է այն մասնիկը, որից զզվում եմ՝ «էլի»-ն՝ աշխատում ենք, էլի, ապրում ենք, էլի: Մարդիկ բաժան-բաժան են դարձել՝ միայն առիթներին են իրար հանդիպում՝ թաղում, հարսանիք… Հայաստանում այնքան քիչ ժողովուրդ է մնացել, որ արդեն վախենում եմ»,- նշեց Ծատուրյանը: