կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-20 13:45
Հասարակություն

Մենք ու Ադրբեջանը մի բանում ենք միայն նման. Նիկոլայ Ծատուրյան

Մենք ու Ադրբեջանը մի բանում ենք միայն նման. Նիկոլայ Ծատուրյան

Մի հարուստ ոսկե ձկնիկի է բռնում, ձկնիկը հարցնում է` ի՞նչ ես ուզում` տո՞ւն, կանա՞յք, մեքենանե՞ր, հարուստն  ասում է` ամեն ինչ ունեմ, միայն պատերազմի հերոս շքանշան չունեմ: Ոսկե ձկնիկն ասում է` կանեմ: Տանկեր է բերում, հարուստը սկսում է կռվել, մի տանկ է խփում, հետո մյուսը վրա է տալիս և այլն: Վերջում գլխի է ընկնում, ասում` վա~յ, փաստորեն, հետմահու էր տալու: Այս օրինակով հայաստանցիների անորոշ վիճակը նկարագրեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը` հավելելով. «Հիմա երևի ուզում են մեզ հետ հետմահու «զրուցել»: 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց. «Մի բան, որը հիմնված է ստի վրա, բավական է, որ ժողովրդի վստահությունը կորի: Սկզբում ասում էին` պստիկ տարածք ենք կորցրել, հետո պարզվեց` մեծ, հետո` ահագին մեծ: Ողբում ենք, ասում` մեր զինվորները մահանում են, այո’, ներողություն արտահայտությանս համար, պիտի մահանան, բա պատերազմ է, էդ ողբը, դլե յամանը, քանի դեռ կա, բան չի փոխվի, պետք է ուշքի գան և հասկանան, որ պատերազմ է: Այսօր երիտասարդները մտածում են` ոնց անեն` բանակից ազատվեն, է հետո՞, կորցնե՞նք էս երկիրը»:

Նրա խոսքով` պետք չէ թերագնահատել թշնամուն, ասել ` էդ ոչխար ազգը, պետք է արժանապատվությամբ մոտենալ:

«Երբ դու հարգում ես քո թշնամուն, դու կարող ես դիմակայել: Այս ընթացքում նայելով մեր ու նրանց լրատվամիջոցների հրապարակումները` հերթական անգամ ապացուցվեց, որ մենք այլ բան ենք ասում, նրանք` այլ, բայց մի բանով երկուսս էլ նման էինք` երկու կողմն էլ ասում է, որ պատերազմում են միայն աղքատ, ընչազուրկ ընտանիքների զավակները: Ա’յ էստեղ շատ նման ենք իրար»,- ասաց Ծատուրյանը:

Ռեժիսորի խոսքով` մեր թերություններից մեկն էլ այն է, որ անընդհատ սպասում ենք, թե ինչ կասեն մյուս երկրները և, վզներս ծռելով, սպասում, թե որքան կօգնեն մեզ սփյուռքահայերը:

«Վզներս ծռում ենք, տեսնենք` Ամերիկան ինչ կասի: Ոչ մեկ ոչ մի բան չի ասի, նրանք թքած ունեն փոքր երկրների վրա: Մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, սա է ողջ խնդիրը: Յուրաքանչյուր երկիր իր շահն ունի. դու քո գլխի ճարը տես, վերջացավ: Անընդհատ նայում ենք` սփյուռքահայերը մեզ կօգնե՞ն, թե՞ ոչ, բա մե՞նք: Լավ է, որ ժողովուրդը հավաքում, ծխախոտ կամ սննդամթերք է առնում, ուղարկում սահման, բա զե՞նք»,- ասաց նա:

Ծատուրյանը, մեջբերելով Կոնֆուցիոսի մտքերից մեկը, խոսքն ուղղեց հարուստներին: «Ամոթ է լինել աղքատ հարուստ պետությունում, անբարոյական է լինել հարուստ' աղքատ պետության մեջ»: Հայաստանի հարուստնե'ր, կա’մ վերցրեք ձեր փողերը, գնացեք Հայաստանից, վայելեք ձեր կյանքը, կամ եթե ինչ-որ չափով հայրենասիրության զգացում ունեք, գոնե ձեր հարստությունից բաժին տվեք բանակին, որ կարողանան դիմագրավել ամեն ինչին»: