Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Ընտրական օրենսգրքի նախագծի մասին: Ըստ նրա` ԸՕ նախագիծը խճճված է:
«Ամբողջ աշխարհը գնում է օրենքների պարզեցման, մեզ մոտ այլ ճանապարհով են գնում: Ինձ մոտ տպավորություն կա, որ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, շատ քաղաքական ուժեր անալիտիկ կենտրոն պետք է բացեն, որ հասկանան` ինչը որից հետո է»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում մի քանի հարցեր է ուղղել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, և այդ հարցերը մնացել են անպատասխան:
«Ընտրագրավի բարձրացման մասին խոսեցի ես, բայց Հարությունյանն ասաց, որ բարձրացում չի եղել: Ընտրացուցակների հրապարակման մասին էլ ասեմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս խոչընդոտ չէ, քանի որ չի արգելում, և ընտրացուցակների հրապարակման որոշումը թողնված է իշխանությունների վրա: ՀՀԿ-ն այնպիսի վերահսկողություն է սահմանում ներկայացողների և չներկայացողների վրա, որ վտանգը գալիս է հենց նրանցից: Ընտրատեղամաս եկած քաղաքացին արդեն ընտրատեղամասում ֆիքսվում է»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով` ընտրատեղամասերի տեսախցիկը կարելի է տեղադրել այնպիսի բարձունքում, որ որևէ մեկը չկարողանա փակել:
Պատգամավորը խոսեց նաև թանաքոտման մասին և ասաց, որ էլեկտրոնային գրանցման տարբերակին անցնելու դեպքում, ինչ-որ առումով, կարելի է ընդունել այս մեխանիզմը:
«Ազգային փոքրամասնություններին պետք է իր ցուցակի մեջ ներառի այն քաղաքական ուժը, որը հավակնում է լինել առաջինը, և հաստատուն տեղեր պահի նրա համար: Մնացած քաղաքական ուժերին դա պարտադրել չի կարելի: Կոալիցիաների ձևավորումը ևս ինձ մտահոգում է, երեք քաղաքական ուժով է սահմանափակվում, որն ընդունելի չէ»,- ասաց Սարգսյանը: