կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 02:29
Քաղաքական

Թուրքիան խճճվել է իր հյուսած սարդոստայնում

Թուրքիան խճճվել է իր հյուսած սարդոստայնում

Հայ-թուրքական հարաբերությունների երկրորդ փուլը, որը հաջորդեց արձանագրությունների ստորագրմանը, չէր կարող առանց դժվարությունների առաջ ընթանալ, քանի որ կողմերը հասել էին մի կետի, երբ պահանջվում էր կոնկրետ քայլեր անել: Իսկ քանի որ Թուրքիան ազնիվ մղումներով չէր առաջնորդվում, ապա գործընթացը փակուղի մտավ:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

 

«Թուրքիայի քայլերը ցույց տվեցին, որ Հայաստանի նկատմամբ  նրա քաղաքականության մեջ բացակայում են կառուցողական տարրերը: Նա կոնկրետ քայլեր անելու փոխարեն սկսեց կիրառել տարբեր քարոզչական հնարքներ` Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի չափից ավելի քաղաքականացումը, «Հզոր Թուրքիա» կուսակցության արակածները սահմանին ու Հայաստանում, եւ այլն»:

 

Թուրքագետի խոսքերով Թուրքիան փորձում էր աշխարհին համոզել, թե Հայաստանի հետ իր հարաբերությունները նորմալ զարգացում են ապրում: Այնինչ` ներկայումս ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարությունները խիստ հակասական են.

 

«Եթե նախագահ Գյուլը հայտարարում է, թե հարաբերույթունները, թեկուզ քողարկված, շարունակվում են, ապա վարչապետ Էրդողանը ասում է, թե ոչ մի շփում չի կարող լինել մինչեւ Հայաստանը չկատարի իրենց նախապայմանները: Իսկ արտգործնախարար Դավութօղլուն իր վերջին հայտարարության մեջ ասաց, որ Հայաստանի հարաբերություններում ոչ մի առաջընթաց ու շարժ չկա: Կարելի է եզրակացնել, որ թուրք պաշոտնյաներն իրենք էլ խճճվել են իրենց վարած երկդիմի քաղաքականության սարդոստայնում»:

 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կարող է խոչընդոտել Թուրքիայի ներքաղաքական վիճակը: Ռ. Մելքոնյանն ասաց, որ ներկայումս թուրքական քաղաքական դաշտում գլխավոր դերակատար կուսակցությունները դավանում են ագրեսիվ գաղափարներ: Խորհրդարանական եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը  դավանում է կրոնական երանգներով հագեցած նեոօսմանիզմի գաղափարախոսություն, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը քեմալիզմ է դավանում, իսկ մյուս ընդդիմադիր` «Ազգայնական շարժումը»` ռասիզմ:

 

Մյուս կողմից էլ` քանի որ 2011 թվականին Թուրքիայում ընտրություններ են լինելու, ապա ենթադրվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը մղվելու է երկրորդ պլան: Ակտիվացում կնկատվի միայն տարվա երկրորդ կեսին` ընտրություններից հետո, եթե, իհարկե, այլ ընտրություններ չլինեն:

 

Խոսակցություններ կան, թե խորհրդարանական ընտրություններին կարող են հաջորդել նախագահականը: Մինչ այժմ նախագահին ընտրում են պատգամավորները, եւ եթե փոփոխություններ կատարվեն սահմանադրությունում եւ նախագահ ընտրելու իրավունքը տրվի ժողովրդին, ապա նախագահական ընտրություններ էլ կլինեն:

 

Իսկ մինչ այդ Թուրքիան որոշ քայլեր կնախաձեռնի` կապված ապրիլի 24-ի հետ: Նախ, ենթադրվում է, որ նա կատիվանցի լոբբիստական իր խմբերի աշխատանքը եւ փորձելու է հակադարձել հայկական լոբբիին: Հոխորտանքներ հիշեցնող հայտարարություններ եւ ջղագրգիռ քայլեր է անելու: Ինչպեսեւ շարունակելու աշխարհին համոզել, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորումը շարունակական փուլում է:

 

Տարին ամփոփելով` Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե 2010-ին պարզ դարձավ, որ թուրքական թե քաղաքական էլիտան , թե հասարակական շերտերը պատրաստ չեն  Հայաստանի հետ հարաբերություններ սկսել:

 

Իսկ ինչ վերաբերում էՀայաստանին, Ռ. Մելքոնյանն ասաց. «Հայաստանը Սահմանդրական դատարանի որոշումով սպառիչ պատասխան տվեց տարբեր շահարկումներին եւ թույլ չտվեց դրանց հետագա ծավալմանը: Բացի այս` ՀՀ-ի վարած սկզբունքային եւ պարզ քաղաքականությունը ցույց տվեց, որ  այդ հարաբերությունների հաստատումը Հայաստանը չի կարող անել` իհաշիվ իր պետական եւ ազգային շահերի»: