Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում Արփինե Հովհաննիսյանին փոխարինած Կարեն Բեքարյանն առաջին աշխատանքային օրը լավ է սկսել և քիչ առաջ է մտել իր աշխատասենյակը, որը Արփինե Հովհաննիսյանինն էր:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Ազգային ժողովը նոր մարմին չէ իր համար, քանի որ տասը տարի շարունակ աշխատել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` որպես փորձագետ:
Նշենք, որ Կարեն Բեքարյանը երկար տարիներ ղեկավարում էր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը:
Հարցին, թե, լինելով եվրոպական ինտեգրմանը կողմնակից, ինչպե՞ս է իրեն զգում ԵՏՄ-ին կողմ քվեարկած ՀՀԿ խմբակցությունում, նոր պատգամավորը պատասխանեց. «Ես եղել եմ, կամ և արդեն տասնհինգ տարի է ` եվրոպական ինտեգրման կողմնակից եմ, բայց, միևնույն ժամանակ, շատ պարզ հասկանում եմ, որ կան իրողություններ, որոնք ուղղակի չես կարող անտեսել: Նույնիսկ եվրոպական գործընկերների հետ շատ առիթներով զրուցում ենք և կանգնում այն բանաձևի վրա, որ ծնողը չի կարող չուզել, որ իր երեխան լինի անվտանգ, և երկրորդ՝ ծնողը չի կարող չուզել, որ իր երեխան ապրի հնարավորիս քաղաքակիրթ մթնոլորտում: Հայաստանի համար «կամ, կամ» տարբերակը կործանարար է: Հիմա ես ինչքան էլ եվրոպական ուղղության կողմնակիցը եղել եմ ու կամ, ես դա շատ լավ հասկանում եմ»:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր գործունեությունը ՀՀԿ խմբակցությունում, եթե հայտնի է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հիմնականում կատարում են «վերևի» հրահանգները և զուրկ են ընդդիմանալու ու սեփական տեսակետը հայտնելու հնարավորությունից, Բեքարյանը պատասխանեց, թե չի կարծում, որ հնարավորություն չի ունենալու արտահայտել սեփական կարծիքը:
«Առաջին՝ ես չեմ կարծում, որ սեփական տեսակետն արտահայտելու հնարավորություն չեմ ունենալու: Անգամ խմբակցության ներսում պատգամավորը ներազդեցություն ունենում է որոշումների կայացման վրա և տեսակետը է ներկայացնում ու անհամաձայնություն հայտնում: Երկրորդ հարցն այն է, որ խմբակցությունն ունի տեսակետ, և եթե դու այդ ֆրակցիայի անդամ ես, ինչպես ցանկացած թիմ, դու, այդ որոշմանը անգամ դեմ լինելով, պետք է ենթարկվես: Սա շատ բնական երևույթ է»,- ասաց պատգամավորը:
Որպես երրորդ տարբերակ` նա նշեց, որ, եթե կա մի հարց, որը պատգամավորի համար սկզբունքային է և չի ցանկանում կողմ լինել, պետք է ազնիվ լինի ու հասկանա, որ այդ թիմում անելիք չունի: «Որոշման վրա ազդեցություն ունենալու սկզբունքը հենց սկսվում է խմբակցության ներսում քննարկումներից: Իսկ ո՞վ ասաց, որ ինչ տեսակետ դու կրում ես, բոլորը պետք է համաձայնեն: Նույն ձևով էլ` ինչո՞ւ դու պետք է համաձայնես նրա հետ, ինչին մնացածը կողմ են»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը: