կարևոր
3955 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-27 09:50
Հասարակություն

Ագրարայինի Զաքոյանը խճճվել է. փակ խորհրդակցություն՝ պրոռեկտորների, դեկանների մասնակցությամբ

Ագրարայինի Զաքոյանը խճճվել է. փակ խորհրդակցություն՝  պրոռեկտորների, դեկանների մասնակցությամբ

Այսօր առավոտյան ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը փակ խորհրդակցություն է հրավիրել պրոռեկտորների, դեկանների մասնակցությամբ:

Yerkir.am-ի տեղեկություններով մասնակիցների հետ քննարկելու է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված ինչ-որ գրության տեքստի նախագիծ:  Գրության մեջ խոսվում է նաև համալսարանից տարածքներ հանձնելու մասին: Բառացի մեջբերում ենք այդ հատվածը. «Համալսարանի կողմից ներկայումս օգտագործվող մասնաշենքերից որևէ տարածքի օտարելը կամ օգտագործման իրավունքով այլ կազմակերպության տրամադրելը կխաթարի Համալսարանի բնականոն գործունեությունը»:

Հիշեցնենք, որ համալսարանի մի խումբ աշխատակիցներ հանդես են եկել նախաձեռնությամբ և կազմակերպել են ստորագրահավաք ագրարայինի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու դեմ: Հայտարարությանը միացել են բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, շրջանավարտներ: Աշխատակիցներ Դանիել Պետրոսյանը, Գվիդոն Մատինյանը և Պարույր Էֆենդյանը դիմել են ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին անհապաղ ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ հրավիրելու պահանջով: Սակայն վերջիններիս պահանջը Զաքոյանը թողել է անպատասխան: Հետաքրքիրն է այն, որ Զաքոյանը նախարարին ուղղված նամակում ընդհանրապես չի անդրադառնում ֆրանսիական համալսարանին, այն դեպքում, որ Սարգիս Հայոցյանն ու Ֆրանսիայի դեսպանը «մուշտարու աչքով» իր ուղեկցությամբ են շրջել երկրորդ մասնաշենքում:

Այս քայլով Զաքոյանն ուզում է տպավորություն ստեղճել կոլեկտիվի մոտ, թե իբր չի ցանկանում մասնաշենքը հանձնել: Ի դեպ, Զաքոյանը թե աշխատակիցների հետ մասնավոր զրույցներում, թե խորհրդակցության ժամանակ բազմիցս նշել է, որ մասնաշենքի հանձնման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն հրաժարվել էր պաշտոնապես հերքել: Հիմա հռետորական հարց ռեկտորի պարտականությունները կատարողին` բա որ չես հանձնում, նախարարից ինչ ես ուզում:

Հ.Գ. Նախարարին ուղղված գրության տեքստում չի մոռացել մի լավ գովաբանել Ժաննա Անդրեասյանին: