կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-11 15:21
Քաղաքական

ՀԱԿ-ը խճճվել է. Արմեն Ռուստամյան

ՀԱԿ-ը խճճվել է. Արմեն Ռուստամյան

Այսուհետ ՀԱԿ-ը պահանջում է ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սա ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը պայմանավորում է ՀԱԿ-ի խճճված լինելու փաստով:

 

«ՀԱԿ-ը խճճվել է իր ցանկությունների մեջ, ինչ-որ հստակ քաղաքական պահանջ է ուզում ձեւակերպել, բայց չի ստացվում: Ամեն անգամ ներկայացնում են պահանջներ, որոնք կա'մ Սահմանադրությանն են հակասում, կա'մ էլ իրենց նշված ժամկետներում փաստացի իրականացնել չեն կարողանում»,- yerkir.am-ի հետ զրույցում նշեց դաշնակցական գործիչը եւ հավելեց, որ, ըստ էության, «ՀԱԿ-ը հայտնվել է շտկումների, վերաշտկումների, հետձգումների իրավիճակում, ինչն էլ փաստում է հստակ քաղաքական գիծ չունենալու մասին»:

 

Քաղաքական հստակ գծի բացակայության փայլուն ապացույցն էլ, ըստ Ռուստամյանի, վերջին պահանջն է: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորը համոզված է, որ  այդ կերպ ՀԱԿ-ը ցանկանում է ընտրազանգված ձեռք բերել, իսկ արդյունքում ստացվել է հակառակը:

 

Ռուստամյանը չցանկացավ անդրադառնալ այն վարկածին, թե ՀԱԿ-ի վերջին քայլից խորհրդարան մտնելու նրա շանսերը պակասել են, միայն նշեց, որ իր համար դեռ անհասկանալի է մնում այն ծրագիրը, որով ՀԱԿ-ն իշխանափոխություն է ցանկանում իրականացնել: «ՀԱԿ-ի պատկերացրած իշխանափոխությունը մարդափոխություն է, ինչն էլ ինձ համար անհասկանալի է»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

 

Մի բան դաշնակցական գործչի համար առավել քան հստակ է եւ հասկանալի` ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ սկսված բանակցություններից իշխանությունը ամենաշահեկան դիրքերում դուրս եկավ: