Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին՝ Արցախի Հանրապետության բռնազավթման և հայաթափման առաջին տարելիցի օրը, երբեմնի ֆիկտիվ հանրապետական, 2018-ի իշխանափոխությունից հետո ՔՊ-ին անդամակցած, վերջինիս ցուցակով պատգամավոր դարձած, իսկ այժմ էլ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երկրորդ ու երրորդ նախագահներն ու իրենց քաղաքական թիմերը Արցախը հանձնել են Ադրբեջանին, որպեսզի 100 հազար լրացուցիչ ցուցարար ունենան և նրանց կարողանան իշխանափոխություն իրականացնել։
«Նրանք ոչ միայն լուծարեցին Լեռնային Ղարաբաղը, այլ նաև այնպիսի ճնշում էին գործադրում հանրային դաշտում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որ ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը, պատճառը մեկն էր, որ նրանք ունենային ևս 100 հազար ցուցարար: Ինչ է՝ նրանք այստեղ ունենային մի քանի հարյուր հազար ավելի ցուցարար, որը կարող էր մի փոքր ավելացնել նրանց իշխանությունը զավթելու հնարավորությունը, նրանք ողջունում էին այդ քայլերը ու կազմարեպում էին դա»,- ասել էր նա։
Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ արդեն իշխանության ներկայացուցիչներն էլ են իրենց հայտարարությունների մեջ խճճվել։ Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն անգամ տարբեր բաներ են հայտարարում, թե ի վերջո ով է պատասխանատու Արցախում տեղի ունեցածի համար՝ շատ լավ իմանալով, որ տեղի ունեցածի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանցակիցը հենց իրենք են։
«Պարզ ճշմարտություն կա․ չի կարող լինել մի իրավիճակ, երբ 2018 թվականից առաջ երկրում կատարվող ամեն ինչի համար մեղավոր էին այդ ժամանակների իշխանությունները և հատկապես ամենաբարձր պետական պաշտոն զբաղեցնողը, իսկ 2018-ից հետո տեղի ունեցած աղետների համար՝ բոլորը, բացի իրենցից։ Սա պարզ և տրամաբանական ճշմարտություն է, ու իրենք ամենալավը գիտեն դա»,- ասաց նա։
Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչից հետո տեղի են ունեցել հայտնի աղետալի իրադարձությունները։ «Ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ նախագահների թիմակիցները և ընդհանրապես ոչ մի քաղաքական գործիչ, Նիկոլ Փաշինյանից բացի, չի գնացել և Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ նախագահների թիմակիցները և ընդհանրապես ոչ մի քաղաքական գործիչ այդ պահին Հայաստանում իշխանություն չեն եղել ու չեն հանդիսացել երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ում հրամաններից էին կախված՝ օրինակ հայկական բանակը 120 հազար մարդու պաշտպանելու իր պարտականությունը կկատարի՞, թե՞ ոչ, ուժային կառույցները կկատարե՞ն իրենց պարտկանությունները, թե՞ չեն կատարի։
Որևէ մեկն այդպիսի լծակ չի ունեցել, եթե մենք որևէ մեկին մեղավոր ենք նշանակում՝ պետք է հարցնենք, թե նա ինչ լծակներ է ունեցել և կարո՞ղ էր դա իրագործել, թե՞ ոչ։ Հիմա մենք պարզապես մի իրավիճակ ենք տեսնում, երբ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին, որպեսզի իրենից հեռացնի իր մեղավորությունից բխող պատասխանատվությունը։ Բայց կարծում եմ, որ բոլորի համար էլ պարզ է․ փաստեր գոյություն ունեն, ու փաստն այն է, որ Էրդողանը Արցախի դեմ հարձակումից առաջ Փաշինյանին է զանգել, ոչ մի այլ քաղաքական գործչի չի զանգել, ու մնացած բազմաթիվ այլ փաստերը, որոնք արդեն նշեցի»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ նմանաբովանդակ հայտարարությունների նպատակը հանրությանը մոլորեցնելն է։ Նրա համոզմամբ՝ այս համատեքստում չափազանց կարևոր է, որ բոլոր դերակատարները, հատկապես Արցախի պաշտոնյաները հանրությանը իրականությունը ներկայացնեն և ամեն ինչ անեն, որ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելը հնարավորինս դժվար լինի։ «Որովհետև իրենք տիրապետում են տեղեկատվական գործիքների, որոնցով կարողանում են ամբողջ դաշտը ստով լցնել։ Մեր գործը ճշմարտությունը ներկայացնելն է, այստեղ ես կարծում եմ, որ բոլորս աշխատելու տեղ ունենք, մեծ գործ ունենք անելու»,- եզրափակեց նա։
Աղբյուրը՝ Oragir.news