կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 13:39
Տնտեսական

Երեք գործոն, թե ինչու է Վրաստանում բենզինն ավելի էժան, քան Հայաստանում

Երեք գործոն, թե ինչու է Վրաստանում բենզինն ավելի էժան, քան Հայաստանում

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ խոսեց Հայաստանում բենզինի բարձր գների մասին: Դիտարկմանը, թե հարևան Վրաստանում բենզինի գինը բավականին ցածր է, մեր երկրի գների հետ համեմատած, 120 դրամի տարբերություն կա, նա պատասխանեց, որ ինքն արդեն ներկայացրել է հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները, և դիտարկումը բոլորովին էլ տեղին չէ, քանի որ իրականում գնային նման տարբերություն չկա:

«Իհարկե, կան որոշակի գնային տարբերություններ, և հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այդ տարբերությունները պայմանավորված են երեք գործոնով: Առաջինը պայմանավորված է վրացական երկաթուղու կողմից գանձվող`  բեռանփոխադրման բարձր սակագներով: Երկրորդ պատճառը հարկային քաղաքականությունն է. կան որոշակի պայմանավորվածություններ` Հայաստանի և Վրաստանի հարկային քաղաքականությունների մասով, և մեր ուսումնասիրոությունները ցույց են տալիս, որ մեկ լիտր բենզին Հայաստան ներմուծելու համար ավելի շատ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ է գանձվում, քան Վրաստանում: Երրորդ պատճառը պայմանավորված է Վրաստանում ձեռք բերման գների որոշակի նվազմամբ. Վրաստանը վերջին ժամանակահատվածում համեմատաբար ավելի էժան գներով բենզին է ներկրվում Ադրբեջանից և Թուրքմենստանից»,- ասաց Շաբոյանը:

ԵՏՄ-ի գործոնի մասին խոսելով` նա նշեց, որ տնտեսական միությունը, անշուշտ, իր ազդեցությունը թողնում է, և ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում մենք շատ ապրանքային շուկաներով ունենք գների նվազում:

«Եթե դա չլիներ, հնարավոր է, որ ավելի բարձր գներ ձևավորվեին: ԵՏՄ անդամակցությունը, մաքսային ընթացակարգերի խոչընդոտների վերացման առումով, իր ազդեցությունը թողնում է, բայց դա դեռ չի նշանակում, որ ապրանքների գները պետք է կտրուկ նվազեն: Դա առավելապես օգնում է մրցակցության խթանմանը: Բենզինի գնի հարցում էլ իր ազդեցությունը թողել է, և դրա արդյունքում մենք ունենք ներկայումս ձևավորված գնագոյացումը: Ճիշտ է` գները տնտեսվարողների համար կարևոր նշանակություն ունեն, բայց տնտեսվարողների բիզնես որոշումների համար կարևոր նշանակություն ունեն նաև այլ գործոններ: Ես չեմ կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես որոշումները, բայց, որպես տնտեսագետ, կարող եմ ասել, որ, գներից բացի, նաև այլ գործոններն են կարևոր: Օրինակ`մատակարարման պայմանները»,- ասաց Շաբոյանը:

Ըստ նրա` մրցակցությունն ազատ է, մուտքի խոչընդոտներ չկան, սահմափակումներ չկան: «Խոշոր ընկերությունները կարողանում են ապրանքն ավելի էժան գներով ձեռք բերել և միավոր ապրանքի հաշվով ավելի քիչ տրանսպորտային ծախսեր կատարել: Այդ տեսանկյունից` խոշոր ընկերությունները մրցակցային առավելություններ ունեն փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ»,- ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը: