Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում այսօր «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով լսումներ էին: Քննարկման ընթացքում նշվեցին ինչպես լճի խնդիրները, այնպես էլ խոսվեց արձանագրված դրական ցուցանիշի մասին: Օրինակ, ըստ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի, Սևանա լճի ջրի մակարդակը, անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ, բարձրացել է մոտ 3 սմ-ով: Սակայն, դրան զուգահեռ, նշվեց նաև, որ եթե նախորդ տարի լճի ջրի թափանցիկությունը հասնում էր 14 մետրի, ապա այս տարի, ջրիմուռների աճով պայմանավորված, թափանցիկության մակարդակը իջել էր 40-50 սմ: Խոսք է գնացել նաև ջրամբարների կառուցման համար տարիֆ սահմանելու մասին, որը, նախարարի կարծիքով, կհանգեցնի ներդրումների:
Yerkir.am-ը զրուցել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հետ, որի խոսքով՝ ճիշտ է, առաջարկվեցին տարբեր ծրագրեր, սակայն դրանք պահանջում են մեծ ֆինանսավորում և երկար ժամանակ: Ըստ բնապահպանի՝ մենք արդեն կանգնած ենք Սևանա լիճը փրկելու լուրջ խնդրի առաջ: Զարաֆյանը Սևանի փրկության համար 3 կարևոր գործոն է մատնանշում:
«Միակ միջոցը, որը չի պահանջում լրացուցիչ ֆինանսավորում, ջրի մակարդակի բարձրացումն է, որպեսզի լիճն ինքնամաքրման ենթարկվի: Սևանի ջրի նվազագույն մակարդակը 1903.5 մ պետք է լինի: Ջրի մակարդակը պետք է բարձրանա, որ ինքնամաքրման պրոցես սկսվի, ու պաշտպանիչ շերտը վերականգնվի: Բացի այդ՝ պետք է ազատվել ոչ թե ձկնաբուծարաններից, այլ հավելյալ ջրառից, որն օգտագործվում է ձկնաբուծարաններում, և որի հետևանքով առաջանում են խնդիրները, ինչի մասին ոչ մի պաշտոնյա չի բարձրաձայնում: Այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, և պետք է դրա դեմ պայքարենք»,- ասաց Զարաֆյանը:
Նրա խոսքով՝ պետք է հետևեն նաև, որպեսզի ջրի բաշխումը ճիշտ ձևով ընթանա, ոչ թե մի շարք տնտեսություններ մնան առանց ջրի, ինչպես տեղեկացնում էր ջրային կոմիտեն: Զարաֆյանի հավաստմամբ՝ ջուրը պետք է տրամադրեն այդ տնտեսություններին, այլ ոչ թե մեր գյուղատնտեսական օլիգարխներին: «Իմ նշած այս երեք գործընթացներն ապահովելու համար մեծ միջոցների անհրաժեշտություն չկա, և այս երեք ուղղություններով աշխատելով՝ մենք բավականին մեծ հաջողությունների կհասնենք: Բացի այդ՝ պետք է նորմալ աշխատեցնենք Արփա-Սևան թունելը՝ հասկանալով, որ այնտեղ էլ փոքր ՀԷԿ-եր օգտագործելու կոռուպցիոն ռիսկ կա, ինչպես նաև Սևան-Հրազդան ջրանցքի խնդիրը պետք է լուծվի»,- ասաց Զարաֆյանը:
Իսկ Սևանից ջրառ կատարել-չկատարելու մասին խոսելով՝ բնապահպանը նշեց, որ քանիցս անդրադարձ է կատարվել դրանից բխող խնդիրներին, ուստի պետք է քաղաքական կամքի ուժ դրսևորվի` ջրառ չկատարելու: